Բակո Սահակյանն ընդունել է բողոքի ակցիայի մասնակիցներին

Բակո Սահակյանն ընդունել է բողոքի ակցիայի մասնակիցներին

PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունիսի 3-ին ընդունել է Ստեփանակերտում ընթացող բողոքի ակցիայի մի խումբ ներկայացուցիչների:

Հանդիպմանը քննարկվել են հունիսի 1-ին Ստեփանակերտում տեղի ունեցած միջադեպին վերաբերող մի շարք հարցեր, ասվում է ԱՀ նախագահի պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրության մեջ:

Ստեփանակերտում ԱՀ ԱԱԾ մի խումբ զինծառայողներ «կենցաղային հողի վրա» ծեծի են ենթարկել երկու քաղաքացու: Ծեծի ենթարկված երկու տուժողները հոսպիտալացվել են միջին ծանրության մարմնական վնասվածքներով, նրանց կյանքին վտանգ չի սպառնում:

Արցախի ղեկավարը ներկաներին հավաստիացրել է, որ իրականացվելու է մանրակրկիտ ու անաչառ հետաքննություն, և մեղավորները պատասխանատվություն են կրելու օրենքով սահմանված կարգով։

Հունիսի 3-ին ուժային կառույցների ղեկավարների հրաժարականը պահանջող ցուցարարների մոտ էր եկել Արցախի Հանրապետության պետական նախարար Արայիկ Հարությունյանը: Նա ասել է, որ բարձրացված հիմնախնդիրների մեծ մասը պայամանավորված է ինչպես կառավարության անդամ շատ պաշտոնյաների, այնպես էլ իր բաժին մեղավորությամբ: «Աշխատանքի ընթացքում միշտ էլ սխալներ ու թերություններ են լինում: Կոնկրետ առկա դժգոհությունները իմ համոզմամբ միայն ուժային կառույցների հետ չեն կապված, քանի որ մեր երկրում առկա են նաև սոցիալական բազմաթիվ խնդիրներ: Նախագահ Բակո Սահակյանի կողմից տրված է հանձնարարական բոլոր հրատապ խնդիրների հնարավորինս օպերատիվ լուծման համար»,- ասել է Հարությունյանը:

ԱՀ գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժնում փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ծանրացնող հանգամանքներում խուլիգանության հանցակազմով (ԱՀ քրեական օրենսգրքի 269-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետեր), քրեական գործի շրջանակներում արդեն իսկ առկա են ձերբակալվածներ:

Ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչության հերթապահ մաս հունիսի 1-ին ժամը 19:25-ին ահազանգ է ստացվել այն մասին, որ Ստեփանակերտ քաղաքի Բաղրամյան 2բ շենքի դիմաց վիճաբանություն է տեղի ունենում: Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը ժամը 19:15-ի սահմաններում նշված վայրում վիճաբանություն է առաջացել մի կողմից նույն քաղաքի բնակիչներ՝ 1981թ. ծնված Դ. Հ-ի, 1983թ. ծնված Ա.Ա-ի, իսկ մյուս կողմից 1985թ. ծնված Մ.Մ-ի (ԱԱԾ ծառայող) միջև, որի ընթացքում կողմերը փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց՝ պատճառելով մարմնական վնասվածքներ: ԱՀ ոստիկանության ՔՀՎ ծառայողների հետ համատեղ ձեռնարկված միջոցառումներով, վիճաբանությանը մասնակցելու կասկածանքով, ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչություն բերման է ենթարկվել 15 քաղաքացի: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Նախապատրաստվում են նյութեր ԱՀ գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժին ուղարկելու համար:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---