«Բանակ ենք պահում». Գագիկ Խաչատրյանը Կապանի հանքը շահագործողից $10 մլն էր պահանջել

«Բանակ ենք պահում». Գագիկ Խաչատրյանը Կապանի հանքը շահագործողից $10 մլն էր պահանջել

PanARMENIAN.Net - Կապանի լեռնահարստացման կոմբինատի նախկին շահագործող, կանադական Dundee Precious Metals ընկերության հայաստանյան մասնաճյուղի նախկին տնօրեն Հրաչ Ջաբրայանը ֆեյսբուքյան իր էջում դիմել է ՀՀ ոստիկանապետին և ԱԱԾ տնօրենին՝ նրանց ուշադրությունը հրավիրելով 2013 թվականին ՊԵԿ-ի կողմից ընկերությանը $10 մլն-ով տուգանելու պատմության վրա:

Ըստ Ջաբրայանի՝ 2013-ին ՊԵԿ-ը ստուգումներ է սկսել ընկերության կողմից շահագործվող Կապանի հանքավայրում, որից հետո՝ 2014 թվականին տուգանել է ընկերությանը $10 մլն-ով: Որոշումը համարելով անհիմն՝ նա մի քանի անգամ դիմել է այն ժամանակ ՊԵԿ նախագահ և ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանին, իսկ այնուհետև հարցը բարձրացրել է նախագահ Սերժ Սարգսյանի մոտ:

«Մի օր Բաղրամյան 26-ում տեղի ունեցավ մեր հանդիպումը նախագահի հետ: Նա հստակ ասաց՝ բանակ ենք պահում, պիտի գումարը տամ: Նույն օրը կեսօին հանդիպեցի վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ կառավարության շենքում, նա ասաց՝ բանակ ենք պահում՝ պիտի տաս: Ասացի՝ հասատ չեմ տալու, որովհետև հեքիաթներ եք պատմում: Երկար խոսելուց հետո ասաց՝ լավ ինչքա՞ն կտաս, ասացի՝ ոչ մի բան, բայց կշարունակեմ օժանդակել Պաշտպանության նախարարությանը: Ասաց՝ ոչ, $5 մլն տուր, և այս հարցը լուծենք», - գրում է Ջաբրայանը՝ հավելելով, որ պատրաստակամություն է հայտնել $1,5 մլն տալ որպես նվիրատվություն:

Այն ժամանակ վարչապետ Աբրահամյանը չի համաձայնվել է, ասել է, որ Ջաբրայանը գնա և «իր հարցերը լուծի Խաչատրյանի հետ», իսկ վերջում էլ նրանից $150.000 նվիրատվություն է խնդրել «Արտաշատի եկեղեցու գմբեթի կառուցման համար»:

«Նույն օրը հանդիպեցի Խաչատրյանին, ով բարկացած էր, որ իրենից առաջ հանդիպել եմ նախագահի և վարչապետի հետ: Ասացի՝ գնալու եմ միջազգային դատարան մինչև վերջ և հիմնարկն էլ վաճառելու ենք, Հայաստանից դուրս գանք, չհավատաց, ասաց՝ միևնույն է՝ այդ գումարը տալու ես», - գրել է Ջաբրայանը:

Ավելի վաղ, Ջաբրայանը հայտարարել է 2015 թվականին իր կողմից բանակին նվիրած դիզելի յուրացման մասին։

2016 թվականին կանադական Dundy Precious Metals ընկերությունը վաճառել է Կապանի լեռնարարստացման կոմբինատը ռուսաստանյան Polymetal ընկերությանը։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---