Ամուլսարում շինաշխատանքը դադարեցնելու պահանջով ակցիաները շարունակվում են. Ճանապարհները փակ են

Ամուլսարում շինաշխատանքը դադարեցնելու պահանջով ակցիաները շարունակվում են. Ճանապարհները փակ են

PanARMENIAN.Net - Ջերմուկ քաղաքի, ինչպես նաև հարակից գյուղերի մի խումբ բնակիչներ ու բնապահպաններ մոտ մեկ շաբաթ է՝ շարունակում են փակ պահել Ամուլսարի հանքավայր տանող ճանապարհները՝ հանքում շինարարական աշխատանքները դադարեցնելու պահանջով: Այս մասին հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:

Իրենց հերթին, հունիսի 29-ին Ջերմուկի, Գնդեվազի, Գորայքի, Սարավանի, Վայքի և Եղեգնաձորի մի շարք բնակիչներ Ամուլսարի հանքի հետ կապված բաց նամակով դիմել են ՀՀ վարչապետին և կառավարությանը՝ ասելով, որ աջակցում են Ամուլսարում ոսկու հանքավայրի շահագործումն իրկանացնող «Լիդիան Արմենիա» ընկերությանը:

«Մեկ անգամ ևս խնդրում ենք լուծում տալ այս հարցին և թույլ չտալ, որ մի խումբ խանգարի 1500-ից ավելի աշխատակից ունեցող և լիովին օրինական աշխատող ընկերության աշխատանքներին, իսկ մեզ զրկի յուրաքնչյուր օր վաստակելու ու մեր ընտանիքը պահելու մեր աշխատանքից», - մասնավորապես ասվում է վարչապետին հասցեագրված բաց նամակում:

Լուրեր են շրջանառվում, որ ընկերության աշխատակիցները մտադիր են փակել Ջերմուկ տանող ավտոճանապարհը՝ պահանջելով բողոքի ակցիայի մասնակիցներին թույլ տալ շարունակել իրենց շինաշխատանքները։

Ավելի վաղ, «Լիդիան Արմենիա» ընկերությունը հերքել էր հանքի շահագործման հետևանքով բնապահպանական վտանգների հավանականությունը. ընկերությունից հայտնել էին, որ դիմել են ոստիկանություն, որպեսզի ապահովվի հանքավայրում ազատ տնտեսական գործունեության իրականացումը, ինչպես նաև Ամուլսար տանող ճանապարհներն արգելափակելու ակցիայի չորս կազմակերպչի հանդեպ խուլիգանության հոդվածով քրեական հետապնդում սկսվի:

Ամուլսարի դեպքերին անդրադարձել են նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ կոչ անելով դադարեցնել անհնազանդության գործողություններն այնտեղ և հավելելով, որ սեղմ ժամկետներում ձևավորվելու է աշխատանքային խումբ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Արթուր Գրիգորյանի գլխավորությամբ:

«Ես չեմ հասկանում Ամուլսարում տեղի ունեցող քաղաքացիական անհնազանդության նպատակը։ Ես կոչ եմ անում դադարեցնել անհնազանդության գործողությունները և հնարավորություն տալ կառավարությանը որոշում կայացնել փաստերի հիման վրա։ Եթե այդ գործողությունների նպատակը սաբոտաժը չէ, կառավարությանը փակուղային իրավիճակում դնելը չէ, դադարեցրեք այդ գործողությունները։ Եկեք օգնեք մեզ, որպեսզի մենք ունենանք փաստեր, մի խանգարեք մեզ, որպեսզի ունենանք փաստեր։ Իհարկե, մենք պետք է այդ հարցին լուծում տանք, բայց թե ինչ լուծում կտանք, դա պետք է հիմնված լինի անհերքելի փաստերի վրա», -ասել էր Նիկոլ Փաշինյանը:

ՀՀ փոխվարչապետ Ավինյանի հետ հանդիպմանը ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը կարևորել էր Ամուլսարի ոսկու հանքը շահագործող «Լիդիան Արմենիա» ընկերության, որպես միջազգային խոշոր ներդրումային ծրագրի, գործունեության շարունակականությունը:

«Լիդիան-Արմենիա» ընկերությունը ՀՀ-ում շահագործում է Ամուլսարի ոսկու հանքը Ջերմուկի մերձակայքում։ Հանքի շահագործման համար արվելիք ներդրումները կկազմեն մինչև $370 մլն։ Բնապահպանները պահանջում են չշահագործել այն, մասնավորապես, Սևանի ավազանի համար հնարավոր ռիսկերը մատնանշելով։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---