Ափաթուրայ. ՆԱՏՕ-ն ցանկանում է խորացնել հարաբերությունները Հայաստանի հետ

Ափաթուրայ. ՆԱՏՕ-ն ցանկանում է խորացնել հարաբերությունները Հայաստանի հետ

PanARMENIAN.Net - ՆԱՏՕ-ն ցանկանում է է՛լ ավելի խորացնել հարաբերությունները Հայաստանի հետ և պատրաստակամ է աջակցել Փաշինյանի կառավարությանը՝ սկսած բարեփոխումներն ընդարձակելու հարցում: Այդ մասին հայտարարել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով փոխտեղակալ Ջեյմս Ափաթուրայը, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:

«Ես անվերապահորեն վստահ եմ, որ Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո մեր կայուն համագործակցությունը կշարունակվի», - ասել է նա ռադիոկայանին տված բացառիկ հարցազրույցում:

«Նախ, կուզեի նշել, որ մենք շնորհավորական ուղերձ ենք հղել նոր վարչապետին, և իմ ընկալումն է, որ Հայաստանը մտադիր է շարունակել ՆԱՏՕ-ի հետ տարիներ ի վեր հաստատված ամուր համագործակցությունը: Մենք ողջունում ենք Հայաստանի ներդրումը խաղաղապահ առաքելություններում՝ Աֆղանստանում ու Արևմտյան Բալկաններում: Հայաստանն իսկապես շատ կարևոր դերակատարություն է ունեցել, և մենք ընդունում ենք դա», - ասել է Ափաթուրայը:

Թեև Հայաստանի արտգործնախարարությունը դեռ պաշտոնապես չի հաստատում, սակայն ՆԱՏՕ-ի բարձրաստիճան պաշտոնյան նշում է՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի մասնակիցների թվում է լինելու նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այո՛, Հայաստանի վարչապետը կմասնակցի գագաթնաժողովին, ու թեև ես հստակ չգիտեմ, բայց հույս ունեմ, որ նա նաև մտքերի փոխանակման հնարավորություն կունենա ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ», - ասել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով փոխտեղակալը:

«Մենք կուզենայինք շարունակել աջակցությունը Հայաստանին և նոր իշխանությունների սկսած բարեփոխումներին: Նոր կառավարությունը որդեգրել է բարեփոխումների քաղաքականություն, օրինակ՝ պայքար է տանում կոռուպցիայի դեմ: Մենք հատուկ ծրագիր ունենք՝ պաշտպանական ոլորտում կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու ուղղությամբ, որը կարող է օգտակար լինել Հայաստանի նոր կառավարության համար՝ է՛լ ավելի ընդարձակելու իր պայքարը», - ասել է Ափաթուրայը:

Ավելի վաղ՝ Փաշինյանի ընտրությունից հետո Երևան ուղարկված շնորհավորական հեռագրում Ջեյմս Ափաթուրայը նշել էր՝ «ՆԱՏՕ-ն ակնկալում է շարունակել Հայաստանի հետ ամուր գործընկերությունը, այդ թվում՝ քաղաքական երկխոսությունն ու գործնական համագործակցությունը»:

Հայաստանը նախկին ԽՍՀՄ տարածքում Ռուսաստանի նախաձեռնությամբ ստեղծված ռազմական դաշինքի՝ ՀԱՊԿ անդամ միակ պետությունն է, որն արդեն 25 տարի է համագործակցում է նաև ՆԱՏՕ-ի հետ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---