Միրզոյան. Մինչև ապրիլ ԱԺ արտահերթ ընտրություններ կլինեն

Միրզոյան. Մինչև ապրիլ ԱԺ արտահերթ ընտրություններ կլինեն

PanARMENIAN.Net - Հայաստանի խորհրդարանը չի արտացոլում հասարակության իրական տրամադրությունները, ուստի մինչև ապրիլ տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Այդ մասին Վաշինգտոնում հայտարարել է ՀՀ փոխվարչապետ Արարատ Միրզոյանը, որը հանդիպումներ է ունենում ամերիկացի օրենսդիրների ու Վաշինգտոնի ռազմավարական կենտրոնների ղեկավարների հետ:

Հուլիսի 19-ին փոխվարչապետ Միրզոյանը հանդիպել է ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի Ժողովրդավարության համագործակցության հանձնաժողովի համանախագահ, հանրապետական կոնգրեսական Փիթեր Ռոսկամի հետ, հայտնում է «Ամերիկայի ձայնը»:

Հանդիպմանը փոխվարչապետը ներկայացրել է Հայաստանում առկա իրավիճակն ու ընթացող փոփոխությունները՝ ընդգծելով, որ նոր իշխանությունները երկիրը տանում են ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության և ազատ մրցակցային տնտեսության հաստատման ճանապարհով: Ներկայացնելով Հայաստանում առկա քաղաքական իրավիճակը՝ Միրզոյանն ընդգծել է ամերիկյան կողմի հետ համագործակցության ու ամերիկյան օժանդակության, ներառյալ տեխնիկական օգնության տրամադրման կարևորությունը:

Ժողովրդավարության համագործակցության հանձնաժողովի համանախագահ կոնգրեսական Ռոսկամը ողջունել է փոխվարչապետ Միրզոյանին և ներկայացրել իր գլխավորած հանձնաժողովի հիմնական առաքելությունը: «Սա յուրահատուկ երկկուսակցական հանձնախումբ է: Մենք համագործակցում ենք աշխարհի բազմաթիվ երկրների, մեր գործընկերների հետ՝ ինչպես խորհրդարանական շփումների, այնպես էլ առանձին խորհրդարանի անդամների հետ երկխոսության միջոցով»,- ասել է կոնգրեսականը:

Ըստ նրա՝ ընտրությունները կարևոր են, սակայն կարևոր են նաև այն զարգացումները, որոնք ընթանում են ընտրությունների միջև ընկած ժամանակահատվածում: Հանդիպմանը մասնակցել է նաև քաղաքագիտության պրոֆեսոր Դեյվիդ Փրայսը, որը վերոհիշյալ հանձնաժողովի հիմնադիրներից է:

Միացյալ Նահանգներ իր այցի ընթացքում փոխվարչապետ Միրզոյանն այցելել է նաև Վաշինգտոնում Միջազգային հանրապետական հաստատության կենտրոնական գրասենյակ: Այստեղ փոխվարչապետը հանդիպում է ունեցել ինստիտուտի նախագահ Դենիել Թվինինգի ու Եվրասիական հարցերով ծրագրերի տնօրեն Սթիվեն Նիքսի հետ: Դենիել Թվինինգը, ողջունելով փոխվարչապետին իրենց գրասենյակում, ընդգծել է Հայաստանում ընթացող զարգացումների կարևորությունը:«Ողջ աշխարհը հետևում է, թե ինչ է տեղի ունենում Հայաստանում: Շատ ոգևորիչ է տեսնել, թե ինչպես է հայ ժողովուրդը տեր կանգնում իր ճակատագրին»,- ասել է Միջազգային հանրապետական հաստատության նախագահը:

Փոխվարչապետ Միրզոյանն իր հերթին ընդգծել է, որ իր այցի հիմնական նպատակն է խորացնել ու ամրապնդել Հայաստանի համագործակցությունը միջազգային գործընկերների հետ: Փոխվարչապետը վերահաստատել է գործող իշխանությունների վճռականությունը Հայաստանի ժողովրդավարացման ու անկախ դատական համակարգի զարգացման հարցում:

Հանդիպումն այնուհետև շարունակվել է փակ դռների հետևում:

ՄԱԿ-ի կայուն զարգացման հարցերով քաղաքական նստաշրջանին մասնակցելու համար հուլիսի 14-18-ը ԱՄՆ (Նյու Յորք), ինչպես նաեւ ԱՄՆ-ի բարձրաստիճան պաշտոնյաների հետ երկկողմ հանդիպումներ ունենալու նպատակով հուլիսի 18-21-ը Վաշինգտոն է գործուղվել 10 հոգուց բաղկացած պատվիրակություն, որը գլխավորում է փոխվարչապետ Արարատ Միրզոյանը:

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
---