Իսրայելի փոխարտգործնախարարը ՀՀ-ում է. Նա այցելել է Ցեղասպանության հուշահամալիր

Իսրայելի փոխարտգործնախարարը ՀՀ-ում է. Նա այցելել է Ցեղասպանության հուշահամալիր

PanARMENIAN.Net - Օգոստոսի 21-ին արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունել է Իսրայելի արտաքին գործերի նախարարության գլխավոր տնօրենի տեղակալ, Եվրասիայի վարչության պետ Ալեքսանդր Բեն Ցվիին: Նա այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր, ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ, հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Կողմերը համակարծիք են, որ Հայաստանի և Իսրայելի միջև առկա է առևտրատնտեսական մեծ ներուժ, ինչը համատեղ քայլերով հնարավոր կլինի առավել արդյունավետ օգտագործել: Զրուցակիցներն անդրադարձել են զարգացման օրակարգի շուրջ գործակցության խորացման հեռանկարներին, կարևորեցին մշակութային, գիտակրթական ոլորտներում փոխգործակցությունը՝ այդ համատեքստում ընդգծելով բարձր տեխնոլոգիաների, նորարարությունների ոլորտներում փորձի փոխանակման անհրաժեշտությունը։

Նախարար Մնացականյանը ներկայացրել է ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման օրակարգի առաջմղման գործում Հայաստանի շարունակական նախաձեռնությունները՝ նշելով, որ դեկտեմբերի 9-ին Երևանում կայանալու է «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երրորդ գլոբալ ֆորումը՝ նվիրված ցեղասպանությունների կանխարգելման գործում կրթության դերին։

Անդրադառնալով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման գործընթացին՝ ԱԳ նախարարը նշել է, որ դա առաջին հերթին բարոյական պատասխանատվություն է և հարգանքի տուրք անմեղ զոհերի հիշատակին, միաժամանակ այն կարևոր ներդրում է ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման միջազգային ջանքերում։

Նախարար Մնացականյանը և Ալեքսանդր Բեն Ցվին մտքեր են փոխանակել միջազգային և տարածաշրջանային հրատապ խնդիրների շուրջ՝ հատուկ անդրադարձ կատարելով Մերձավոր Արևելքում տեղի ունեցող գործընթացներին և Սիրիայի ճգնաժամի հանգուցալուծման ուղիներին:

Զոհրաբ Մնացականյանը վերահաստատել է Հայաստանի դիրքորոշումը ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցում՝ նշելով, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը և անվտանգությունը Հայաստանի հիմնական առաջնահերթություններն են։ ԱԳ նախարարն ընդգծել է, որ տվյալ հարցում Հայաստանի և Իսրայելի դիրքորոշումները համընկնում են․ հիմնախնդիրը պետք է լուծվի բացառապես խաղաղ բանակցային ճանապարհով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում։

Բանակցային գործընթացի արդյունավետության առումով երկուստեք ընդգծվել է խաղաղությանը նպաստող մթնոլորտի ձևավորման և ամրապնդման անհրաժեշտությունը։ Այս համատեքստում նախարար Մնացականյանը նշել է, որ ՀՀ գործընկերները պետք է ձեռնպահ մնան բոլոր այն գործողություններից, որոնք հանգեցնում են տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքին և ավելացնում անկայունության վտանգները։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---