Փաշինյանի անունից ի պատիվ Մերկելի ընթրիք է տրվել

Փաշինյանի անունից ի պատիվ Մերկելի ընթրիք է տրվել

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից` ի պատիվ պաշտոնական այցով Հայաստան ժամանած Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի, օգոստոսի 24-ի երեկոյան վարչապետի նստավայրում տրվել է պաշտոնական ընթրիք:

Վարչապետի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ երկու երկրների կառավարությունների ղեկավարները հանդես են եկել փոխադարձ բաժակաճառերով, անդրադարձել հայ-գերմանական հարաբերություններին ու դրանց զարգացման հեռանկարներին:

Փաշինյանը պատմական է որակել Անգելա Մերկելի այցը։ «Միջպետական հարաբերություններն այս այցի արդյունքներով հնարավորություն ունեն ամրապնդվել մարդկային հարաբերություններով, որովհետև տիկին կանցլերն իր փորձով և մարդկային հատկանիշներով դրական մթնոլորտ էր ստեղծում և տրամադրում բաց ու անկեղծ խոսակցության: Այդ ոճն առավել արդյունավետ է և առավել հաճելի: Հայաստանի և Գերմանիայի հարաբերությունները մեծ ներուժ ունեն: Ուզում եմ հատուկ ընդգծել, որ Հայաստանում Գերմանիայի նկատմամբ առանձնահատուկ, էմոցիոնալ և քաղաքական վերաբերմունք է ձևավորվել այն բանից հետո, երբ 2016 թվականի հունիսին Գերմանիայի Բունդեսթագը Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձև ընդունեց: Ողբերգական ցնցումների միջով անցնելով, մեր ժողովուրդն այսօր իր ապագայի վերաբերյալ լավատես է առավել քան երբևէ և ես ուրախ եմ, որ տիկին կանցլերը և Գերմանիայի պատվիրակության մեր գործընկերները միանգամից Հայաստանում նկատել են այդ լավատեսությունը և պատրաստակամ են աջակցելու այդ լավատեսությանը, ինչն ինքնին նշանակում է, որ մեր երկրների բարեկամությունը քաղաքական մակարդակում, տնտեսական մակարդակում և մարդկային մակարդակում շարունակելու է խորանալ»,- ասել է Փաշինյանը։

Անգելա Մերկելը Նիկոլ Փաշինյանին Գերմանիա է հրավիրել և խոսել իր այցի արդյունքներից ու տպավորություններից։«Այսօր ես և իմ պատվիրակությունն այցելել ենք Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, որտեղ մեր մտածմունքներն ուղղված են եղել դեպի հայ ժողովրդի մեծ ցավը, որը նա կրել է 1915 թվականին: Ես առիթ ունեցա եղևնի տնկել ծառուղում և տպավորված ենք Ծիծեռնակաբերդ ունեցած մեր այցից: Հուսով եմ, որ Հայաստանը նայում է դեպի ապագա և դրա վառ ապացույցներից մեկն իմ՝ «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն այցելությունն էր, որտեղ շփվեցի երեխաների հետ: Գարնան ամիսներին մենք ուշադրությամբ հետևում էինք Հայաստանում ծավալվող իրադարձություններին, հետևում էինք, թե ինչպես են Հայաստանի քաղաքացիները, հատկապես երիտասարդները վճռականորեն տրամադրված խաղաղ ցույցերի միջոցով իրականացնելու և արտահայտելու իրենց քաղաքական կամքը: Մենք՝ Գերմանիայի Դաշնային կառավարության ներկայացուցիչներս, պատգամավորները, պատվիրակության տնտեսական ոլորտի ներկայացուցիչները և առհասարակ գերմանական կողմը ցանկանում է ձեզ ուղեկից լինել այդ խիզախ փոփոխությունների ճանապարհին և ցանկանում է աջակից գործընկեր լինել հայաստանյան հետագա զարգացումների ուղղությամբ»,- ասել է Մերկելը։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---