Նախարար. Շուկաները բարձրացրել են գյուղմթերքի գինը՝ «ուղենշային» ընդունելով սուպերմարկետներինը

Նախարար. Շուկաները բարձրացրել են գյուղմթերքի գինը՝ «ուղենշային» ընդունելով սուպերմարկետներինը

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարական է տվել ներկայացնել գյուղնախարարության մեկնաբանությունները` շուկայում մթերքի գների բարձրացման վերաբերյալ։ Այդ մասին հայտարարել է գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը՝ Sputnik Արմենիայի եթերում խոսելով գյուղմթերքի գների աճի մասին։

«Մենք գների տատանումների վերաբերյալ հաշվետվություն կներկայացնենք, ինչպես նաև կուսումնասիրենք գների բարձրացման հնարավոր պատճառները»,- ասել է նա։

Խաչատրյանը նշել է, որ տարբեր շուկաներում գները տարբեր են։«Վարչապետն ինքն էլ այցելել էր շուկաներ և տեսել, որ գները տարբեր են։ Որոշակի գների բարձրացում եղավ սուպերմարկետներում։ Շուկաները, «ուղենշային գին» ընդունելով սուպերմարկետների գները, իրենք էլ են բարձրացրել գները, բայց դա հիմնավորված չէ, որովհետև շուկաները չեն հարկվում»,- ասել է Խաչատրյանը։

Նա նշել է, որ նախարարությունը գները կարգավորելու որևէ լծակ չունի։

«Անուղղակիորեն մենք, իհարկե, աշխատում ենք գյուղատնտեսության արդյունավետության բարձրացման ուղղությամբ, ինչը պետք է հանգեցնի ինքնարժեքի նվազման, դա էլ իր հերթին` գների նվազման»,- ասել է նա։ Գյուղնախարարության ուսումնասիրությունը ցույց կտա, թե ինչպես կարելի է կարգավորել խնդիրը։

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն, այցելելով Գումի շուկա և գներին ծանոթանալով, հայտարարել է, որ սեզոնային բանջարեղենի գները տարօրինակ բարձր են: «Ահազանգեր կային, որ շուկան թանկ է, ուզում էի համոզվել: Հիմնականում համոզվեցի, որ օրինակ, լոլիկի, վարունգի, սմբուկի ու մի շարք սեզոնային կարևոր բանջարեղենների գները, իսկապես, տարօրինակ բարձր են, և, ընդհանրապես, տարօրինակ է, որ այս սեզոնին ջերմոցային լոլիկ և վարունգ է հայտնվել շուկայում, որովեհտև Հայաստանում այս սեզոնին պետք է, որ դաշտի բանջարեղեն լինի», - նշել է Փաշինյանը:Նա ընդգծել է, որ խնդիր կա, բայց պետք է հասկանալ, թե խնդիրը որն է:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---