Մարկեդոնով. Երևանի ավագանու ընտրությունները՝ ԱԺ արտահերթի գլխավոր փորձ

Մարկեդոնով. Երևանի ավագանու ընտրությունները՝ ԱԺ արտահերթի գլխավոր փորձ

PanARMENIAN.Net - Երևանի ավագանու առաջիկա ընտրությունները չափազանց կարևոր են՝ դա լինելու է առաջին հրապարակային ընտրարշավը իշխանափոխությունից հետո: Այդ մասին հայտարարել է հայտնի ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը՝ վերլուծելով առաջիկա ընտրությունների մասնակիցների կազմն ու ակնկալիքները Bunin & Co տելեգրամ-ալիքի համար:

ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) սեպտեմբերի 23-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած 12 քաղաքական ուժի ցուցակ է գրանցել, մեկն ինքնաբացարկ է հայտնել:Հայաստանի Ժողովրդավարական ազատական միություն կուսակցությունը, հետ է վերցրել ընտրության մասնակցության հայտը:

«Առաջիկա ընտրությունները չափազանց կարևոր են, քանի որ առաջինն են այն բանից հետո, երբ կառավարությունը գլխավորեց Նիկոլ Փաշինյանը: Դա կլինի արտահերթ խորհրդարանական ընտրությունների «գլխավոր փորձը» մի քաղաքում, որտեղ կենտրոնացած է ՀՀ ընտրողների 1/3-ը: Սակայն արդեն այսօր թռուցիկ հայացքն անգամ բավարար է, հասկանալու համար, որ իրական ընդդիմադիրներ նոր իշխանություններին այդ ընտրություններում չեն լինի: Ընտրություններին մասնակցելուց հրաժարվել է Հանրապետական կուսակցությունը, որը նախորդ գումարման խորհրդում 65 մանդատից ուներ 46-ը: Այսպիսով, Սերժ Սարգսյանի կուսակցությունը խաղից դուրս է: Այդ պատճառներով խաղից դուրս է նաև Լևոն Տեր-Պետրոսյանի ՀԱԿ-ը, նա սատարում է «Իմ քայլը» դաշինքին, որը ներկայանում է որպես Փաշինյանի կոալիցիա: Առավել լավ շանսեր ունի հենց այդ միավորումը, որի առաջին համարն է հայտնի կատակերգու դերասան Հայկ Մարությանը»,-ասվում է հոդվածում:

Մարկեդոնովը նշում է, որ, հավանաբար, առաջատարների թվում կլինեն նաև «Բարգավաճ Հայաստանն» ու «Լույս» դաշինքը: Փորձագետը հավելում է, որ առաջինը Գագիկ Ծառուկյանի նախագիծն է, որը մի կողմից, հավանություն է տվել Փաշինյանին, մյուս կողմից շատ զուսպ է արձագանքում երկրի իրադարձություններին: «Լույս» դաշինքը, ըստ նրա, Փաշինյանի թիմակիցներն են, որոնք, սակայն «առանձին շարասյունով» են գնում:

Մարկեդոնովը կարծում է, որ ընտրվելու որոշ շանսեր է պահպանում «Երկիր ծիրանին» Զարուհի Փոստանջյանի գլխավորությամբ, Րաֆֆի Հովհաննիսյանի «Ժառանգությունը», և, չի բացառվում, նաև դաշնակները: Նշվում է, որ երկրորդ «եռյակի» հնարավորություններն ավելի թույլ են:

«Իսկ ի՞նչ ինտրիգներ են պահպանվում: Առաջինը՝ որ պահից կսկսվի փլուզվել «հեղափոխական կոնսենսուսը» և կսկսվի ձևավորվել նոր օրակարգ: Արդեն հիմա ԵԼՔ դաշինքը, որը Փաշինյանի գլխավոր ռեսուրսն էր, բաժանվեց 2 առանձին շարասյան: Իսկ չէ որ այդ դաշտում նաև այլ խաղացողներ կան:

Երկրորդը՝ Ծառուկյանի դերը: Ակնհայտ է, որ նա, ավելի շուտ փոփոխություններին համընթաց գնացող է, քան թե դրանց գաղափարական կողմնակիցը: Ի՞նչ խաղ են տանելու նրա կողմնակիցները՝ խմբակցություն ունենալով ավագանիում:

Երրորդը՝ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի վարքագիծը: Այս ընտրություններին նա չի մասնակցում, սակայն, օգոստոսի 31-ին հայտարարել է արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մտադրության մասին: Ակնհայտ է, որ Երևանի ավագանու խորհրդի ընտրությունները նրա համար որոշք չափով «ճշմարտության պահ», «ռուբիկոն» կդառնան»,-գրել է Մարկեդոնովը:

Երևանի ավագանու մասնակցելու է 8 կուսակցություն և կուսակցությունների 4 դաշինք՝ «Ռեֆորմիստների» կուսակցությունը, «Ժառանգություն» կուսակցությունը, «Լույս» կուսակցությունների դաշինքը, «Երևանի հանրություն» կուսակցությունների դաշինքը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, «Հայք» (Հայկազուններ) կուսակցությունը, «Երկիր Ծիրանի» կուսակցությունը, «Ժողովրդական ուղի» կուսակցությունը, «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքը, «Օրինաց Երկիր» կուսակցությունը, «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունը, «Երևանցիներ» կուսակցությունների դաշինքը:

Ավագանու ընտրությունների քարոզարշավը սեպտեմբերի 10-21-ն է:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---