DW-ն՝ Ֆրանկոֆոնիայի մասին. Մեծ իրադարձություն փոքր երկրի համար

DW-ն՝ Ֆրանկոֆոնիայի մասին. Մեծ իրադարձություն փոքր երկրի համար

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 11-ին Երևանում մեկնարկած Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթնաժողովին ավելի քան 84 երկրի պատվիրակություն է մասնակցել: 17-րդ գագաթնաժողովն անցնում է «Ապրել միասին» կարգախոսով և զգացվում է ամենուր Երևանում, գրում է Deutsche Welle-ն:

Ներկայացվածության և ծավալների առումով այս միջոցառումը խոշորագույնն է Հայաստանի անկախությունից ի վեր: Երևանում արդեն տեղի է ունեցել ՖՄԿ մշատական խորհրդի նիստը, մասնակից երկրների ԱԳ նախարարների հանդիպումը, գործարար համաժողովը, լրագրողների կոնգրեսը, գործում է ֆրանկոֆոնիայի ավանը:

Ինչպես նշում է պարբերականը, գագաթնաժողովի երկու օրերը ոչ աշխատանքային են հայտարարվել Հայաստանում, փակ է քաղաքի ամբողջ կենտրոնը, սակայն երևանցիները չեն բողոքում՝ նրանք միշտ ուրախ են հյուրերին:

«Անշուշտ, Հայստանը շատ հարուստ երկիր չէ, իսկ նման մեծ համաժողովի անցկացման համար լուրջ ռեսուրսներ են հարկավոր: Նախապատրաստական աշխատանքներին մասնակցել է տեղական ավելի քան 60 կազմակերպություն, կազմակերպիչներին օգնել են ավելի քան 1500 կամավոր ուսանողներ: ՀՀ իշխանությունները կոնկրետ գումար չեն նշում՝ հավաստիացնելով, որ այդ նպատակի համար բյուջեով հատկացված գումարը՝ 1 մլրդ դրամ (մոտ 2 մլն եվրո) չի գերազանցվել: Ավելին վերահաշվարկներից հետո հաջողվել է նույնիսկ մի փոքր տնտեսել: Ըստ կազմակերպիչների, գումարի մի մասը հատկացրել են հովանավորները և ՖՄԿ քարտուղարությունը»,-ասվում է հոդվածում:

Ըստ քաղաքագետ Ստեփան Սաֆարյանի, ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը մեծ իրադարձություն է Հայաստանի նման փոքր երկրի համար: Թեև նման մեծածավալ համաժողովի անցկացումը մեծ ֆինանսական ծախսերի հետ է կապված ոչ այնքան հարուստ Հայաստանի համար, սակայն այդ իրադարձության ռազմավարական և քաղաքական կարևորությունը երկրի համար անկասկած մեծ է, վստահ է քաղաքագետը:

Ֆրանսերենի դասախոս և թարգմանիչ Լևոն Դայանը կարծում է, որ Երևանում Ֆրանկոֆոնիայի անցկացման օրերին, ֆրանսախոսներից շատերը (դասախոսներ, թարգմանիչներ, Ֆրանսիայում կրթություն ստացած մարդիկ), հռետորական հարց են տալիս նման հեղինակավոր միջոցառումը հենց Հայաստանում անցկացնելու օրինաչափության վերաբերյալ, քանի որ վերջին տարիներին, ըստ նրա, ֆրանսերենին ազատ տիրապետող անձանց թիվը նվազում է:

Դայանը հիշել է, թե ինչպես ֆրանսահայերի հայրենադարձությունից հետո Երևանի փողոցներում հաճախ կարելի էր ֆրանսերեն լսել: Իսկ այսօր, ըստ նրա, չնայած, որ Երևանում գործում է Ֆրանսիական համալսարանը, ֆրանսախոսների քանակը, նրա տվյալներով, երկրում չի ավելանում:

Մինչդեռ, ըստ կրթության և գիտության նախարարության, ֆրանսերեն ուսանող մարդկանց թիվը Հայաստանում մշտապես աճում է՝ մոտենալով 200.000-ի, լեզուն դասավանդվում է ՀՀ 300 դպրոցում:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---