ՀՀ նախագահի ուղերձն Էրդողանին. Ներումը գալիս է ճանաչումից հետո

ՀՀ նախագահի ուղերձն Էրդողանին. Ներումը գալիս է ճանաչումից հետո

PanARMENIAN.Net - ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, Շվեյցարիայի հանրային հեռուստառադիոընկերությանը (RTS) տված հարցազրույցում, խոսելով Հայոց ցեղասպանության և Թուրքիայի նախագահին իր ուղերձի մասին, ասել է, որ «ներումը գալիս է ճանաչումից հետո»:

Նոյեմբերի 11-ի արարողություններին ընդառաջ, երբ բազմաթիվ երկրներում կնշվի Առաջին աշխարհամարտի ավարտի 100-ամյակը, Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը հույս է հայտնել, որ այդ իրադարձությունն առիթ կհանդիսանա «ճանաչելու» կամ «հիշելու 1915-1916-ին հայերի կրած ցեղասպանությունը»: «Ես չգիտեմ, թե ինչպես կարելի է խոսել Առաջին համաշխարհային պատերազմի մասին՝ առանց անդրադառնալու այն ողբերգությանը, որ տեղի է ունեցել մոտ 105 տարի առաջ և առանց խոսելու ցեղասպանության մասին: Երկրների ղեկավարների կողմից ճանաչումը կամ կոչը բարձր կգնահատվի իմ կողմից, Հայաստանի և ամբողջ հայ ժողովրդի կողմից», - RTS-ին ասել է Արմեն Սարգսյանը:

«Հայոց ցեղասպանության ճանաչումը պարզապես մի ողբերգության ճանաչում չէ, որը վերաբերում է մեկ ժողովրդի: Նախ և առաջ դա 20-րդ առաջին, ամենամեծ ցեղասպանությունն է: Քանի որ այն չկանխվեց, ճանաչում ու դատապարտում չունեցավ, հետագայում ևս 20-րդ դարում ցեղասպանությունները կրկնվեցին», - շարունակել է նախագահը:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին իր ուղերձի վերաբերյալ հարցին ի պատասխան՝ Արմեն Սարգսյանն ասել է, թե պատրաստ է երկխոսության և հղում է արել իր քրիստոնեական համոզմունքներին: Նա չի բացառել, որ մի օր ներում կլինի, սակայն «ներումը գալիս է ճանաչումից հետո»: Նրա համոզմամբ՝ այդ ճանաչումը պատմական ավելի լայն ընդգրկում կունենա, քանի որ հայոց ցեղասպանությունը «20-րդ դարի առաջին ցեղասպանությունն էր»:

«Ես նախ և առաջ կասեի Էրդողանին. «Բարի լույս, պարոն նախագահ: Կարծում եմ՝ մենք միասին քննարկելու հարց ունենք: Դու Թուրքիայի նախագահն ես, իսկ ես՝ Հայաստանի: Իմ ընտանիքը, իմ նախնիները Էրզրումից, Վանից ու Բիթլիսից են: Իմ հին ընտանիքը պատմություն ունի: Ինչո՞ւ չխոսենք Թուրքիայի ու Հայաստանի միջև հարաբերությունների մասին, ինչո՞ւ չխոսենք մեր անձնական պատմությունների մասին: Մենք պետք է խոսենք ոչ միայն պատմության, այլև ապագայի մասին՝ քո ու իմ երեխաների, թոռների ապագայի, մեր երկու ժողովուրդների մասին»: Ես քրիստոնյա եմ: Քրիստոնեությունը սովորեցնում է, որ միշտ կա ներելու հնարավորություն, սակայն ներողամտությունը կարող է միայն հաջորդել ճանաչմանը», - ասել է նախագահ Սարգսյանը:

Հայոց ցեղասպանություն

Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին:

Դեռևս Ցեղասպանության իրագործման տարիներին` 1915-23թթ. տերությունները ընդունեցին հայերի կոտորածը դատապարտող բանաձևեր: ԱՄՆ-ն երեք անգամ (1916, 1919, 1920) նմանատիպ բանաձևեր է ընդունել, սակայն դա չկասեցրեց Օսմանյան կայսրության գործողությունները: 1915թ. Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Ռուսաստանը հանդես եկան համատեղ հռչակագրով` դատապարտելով հայերի բնաջնջումը:

Աշխարհի շատ երկրներ և ազդեցիկ միջազգային կազմակերպություններ ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը: Պաշտոնապես առաջինը Հայոց ցեղասպանությունն ընդունել և դատապարտել է Ուրուգվայը 1965թ-ին: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաև Եվրոպայի Խորհուրդը, Եվրախորհրդարանը, ՄԱԿ-ի խտրականության կասեցման և փոքրամասնությունների պաշտպանության կանխարգելման ենթահանձնաժողովը, ՄԱԿ-ի ռազմական հանցագործությունների գծով հանձնաժողովը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը: Հայերի ոչնչացումը պաշտոնապես ցեղասպանություն են ճանաչել Ֆրանսիան, Ավստրիան, Իտալիան, Գերմանիան, Բելգիան, Լյուքսեմբուրգը, Շվեդիան, Նիդերլանդները, Շվեյցարիան, Ռուսաստանը, Լեհաստանը, Լիտվան, Հունաստանը, Սլովակիան, Կիպրոսի Հանրապետությունը, Լիբանանը, Ուրուգվայը, Արգենտինան, Վենեսուելան, Չիլին, Բոլիվիան, Կանադան, Վատիկանը, Բրազիլիան, Լյուքսեմբուրգը, Գերմանիան, Պարագվայը, Սիրիան և ԱՄՆ-ի 45 նահանգ:

Բելգիայում և Շվեդիայում Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն է սահմանված (45 հազար եվրո տուգանքից մինչև 1 տարվա ազատազրկում): 2006թ. հոկտեմբերի 12-ին Ֆրանսիայի խորհրդարանն օրինագիծ ընդունեց, որի համաձայն Հայոց ցեղասպանության ժխտումը կքրեականացվի, ինչպես Հոլոքոսթը:

Ժամանակակից Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանության պատմական փաստը և վարում է այդ փաստի ժխտման ներքին և արտաքին քաղաքականություն: Թուրքական պետության գործողությունները ներկայացվում են որպես «բռնագաղթ»` հայերի անվտանգությունն ապահովելու նպատակով: Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին խոսում են միայն առանձին թուրք մտավորականներ, որոնց թվում են պատմաբան Թաներ Աքչամն ու Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան
---