ՄԻԵԴ-ը ՀՀ կառավարությանը մինչև հունվարի 11-ը ժամանակ է տվել՝ պատախանելու Մայրապետյանի գործով հարցերին

ՄԻԵԴ-ը ՀՀ կառավարությանը մինչև հունվարի 11-ը ժամանակ է տվել՝ պատախանելու Մայրապետյանի գործով հարցերին

PanARMENIAN.Net - ՄԻԵԴ-ը (Մարդու իրավունքների եվրոպական դատարանը) ՀՀ կառավարությունից պահանջվել է մինչև 2019-ի հունվարի 11-ը տեղեկություններ ներկայացնել գործարար Սամվել Մայրապետյանի գործով առաջադրված հարցերի շուրջ: Այդ մասին հայտնել է ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

2019-ի հունվարի 4-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանից ստացված գրությամբ ՀՀ կառավարությունը տեղեկացվել է, որ 2019-ի հունվարի 2-ին Սամվել Մայրապետյանի փաստաբանները, դիմելով Եվրոպական դատարան, խնդրել են, որ վերջինս, Դատարանի կանոնների 39-րդ կանոնի համաձայն, միջանկյալ միջոց ձեռնարկի` պարտավորեցնելով ՀՀ իշխանություններին վերադարձնել Դիմումատուի անձնագիրը և թույլատրել Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում գտնվող իր կողմից մատնանշված բուժհաստատությունում բուժման նպատակով անհապաղ մեկնել երկրից:

Ըստ նախարարության մամուլի ծառայության, հաջորդ օրն իսկ` հունվարի 3-ին, Եվրոպական դատարանը որոշում է կայացրել հետաձգել միջանկյալ միջոց ձեռնարկելու հարցի քննությունը և ՀՀ կառավարությանն առաջադրել հետևյալ հարցերը՝

• Արդյոք ՀՀ իշխանությունները վերցրել են դիմումատուի անձնագիրը: Եթե այո, ապա որո՞նք են դրա իրավական և փաստական հիմքերը.

• Հաշվի առնելով դիմումատուի առողջական վիճակը՝ արդյո՞ք հնարավոր է կազմակերպել վերջինիս բուժումը Հայաստանում:

Ներկայումս Եվրոպական դատարանում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչը ձեռնարկում է համապատասխան քայլեր նշված տեղեկատվությունը հավաքագրելու, ՀՀ կառավարության դիրքորոշումը ձևավորելու և սահմանված ժամկետում Եվրոպական դատարան ներկայացնելու համար:

Հունվարի 8-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունը վերադարձրել է գործարար Սամվել Մայրապետյանի անձնագիրը, սակայն թույլ չի տվել մեկնել Գերմանիա: Ավելի վաղ Սամվել Մայրապետյանի փաստաբաններն անձնագիրը վերադարձնելու միջնորդությունը պատճառաբանել էին նրա լուրջ հիվանդությամբ, որը հնարավոր է բուժել միայն արտերկրում:

Դեկտեմբերի 27-ին դատարանը փոխել է գործարարի խափանման միջոցը՝ 30 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակելով նրանց:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---