Փաշինյանը Սինգապուր այցելելու հրավեր է ստացել

Փաշինյանը Սինգապուր այցելելու հրավեր է ստացել

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դավոսում ընթացող Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում հանդիպել է Սինգապուրի փոխվարչապետ Թարման Շանմուգարատնամի հետ․ նա Փաշինյանին է փոխանցել իր երկրի վարչապետի` Սինգապուր այցելելու հրավերը։

ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, փոխվարչապետը նշել է, որ այն կարող է նոր թափ հաղորդել երկկողմ փոխգործակցությանը տարբեր ուղղություններով:

Նիկոլ Փաշինյանը ասել է, որ Հայաստանը շահագրգռված է Սինգապուրի հետ տարբեր ոլորտներում գործակցության շարունակական ընդլայնմամբ և նշել, որ վերջինիս զարգացման փորձն օրինակելի է ՀՀ-ի համար:

Վարչապետը կարևորել է տնտեսական կապերի խորացումը, առևտրատնտեսական հարաբերությունների հետևողական զարգացումը, գործարարների միջև փոխգործակցությունը: Փաշինյանն անդրադարձել է ՀՀ-ում բիզնես միջավայրի բարելավմանն ուղղված քայլերին և անհրաժեշտ համարել Սինգապուրի բիզնեսին Հայաստանում ներդրումային ծրագրեր իրականացնելու հնարավորությունների մասին ազդակներ հաղորդելը:

Մասնավորապես, զրուցակիցները քննարկել են Հայաստանից տարբեր ապրանքների` կոնյակի, գինու, գարեջրի, հյութերի և վերամշակված այլ մթերքների` Սինգապուր արտահանելու հնարավորությունները:

Թարման Շանմուգարատնամը նշել է, որ իր երկրի կառավարությունը ևս կարևորում է Հայաստանի հետ գործակցության զարգացումը` հաշվի առնելով նաև երկրում տեղի ունեցած վերջին դրական փոփոխությունները:

Փոխվարչապետը հավելել է, որ հայերը Սինգապուրում հայտնի են որպես օրինակելի քաղաքացիներ և ունեն բարձր հեղինակություն սինգապուրցիների շրջանում: Թարման Շանմուգարատնամը նշել է, որ իր երկրի գործարար շրջանակներին կփոխանցի Հայաստանում ներդրումային ծրագրեր իրականացնելու հնարավորությունները: Միաժամանակ, նա հավակնոտ է համարել ՀՀ կառավարության` կոռուպցիայի դեմ պայքարի, բիզնես միջավայրի բարելավման, կառավարման համակարգի արդիականացմանը միտված ծրագրերը:

Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է, որ ընթացիկ տարվա հոկտեմբերին Հայաստանում տեղի է ունենալու ՏՏ ոլորտի համաշխարհային կոնգրես և կարևորել սինգապուրյան ընկերությունների մասնակցությունն այդ խոշոր միջոցառմանը:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև զբոսաշրջության, բնապահպանության և ավիացիոն ոլորտներում կոնկրետ ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան
---