Վարչապետ. Պատերազմի սպառնալիքին պատասխանելու ենք խաղաղություն պարտադրելու օրակարգով

Վարչապետ. Պատերազմի սպառնալիքին պատասխանելու ենք խաղաղություն պարտադրելու օրակարգով

PanARMENIAN.Net - Երկրապահ կամավորականների միությունն Արցախյան ազատամարտի հորձանուտում ստեղծված կազմակերպություն է, որն ի սկզբանե ընդգրկում էր ազատամարտում անմիջական ավանդ ունեցող ազատամարտիկների՝ սպարապետ Վազգեն Սարգսյանի գլխավորությամբ: Այդ մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երկրապահ կամավորականների միության (ԵԿՄ) 12-րդ արտահերթ համագումարում:

Վարչապետը հայտարարել է նաև, որ պատերազմի սպառնալիքին հայկական կողմը պատասխանելու է խաղաղության օրակարգով, անհրաժեշտության դեպքում` խաղաղությունը պարտադրելու օրակարգով:

Նա հավելել է նաև, որ ղարաբաղյան ազատամարտի մեծագույն դասն ու հետևությունը կարևորագույն նշանակություն ունի երկրի ու ժողովրդի հետագա ճակատագրի համար: «Այդ ազատամարտով մենք ապացուցեցինք, որ ի վիճակի ենք սեփական ճակատագրի տերն ու տնօրենը լինել: Մենք ի վիճակի ենք թղթե շերեփով աղերսողի մեր կարգավիճակը փոխարինել երկաթե ձեռքով, խաղաղասեր մտքով ու անպարտելի ոգով խաղաղության պարտադրել և ոչ թե աղերսել: Եվ ուզում եմ հատուկ ընդգծել՝ խաղաղություն պարտադրել ենք մեզ պարտադրված պատերազմում»,-ասել է նա:

Փաշինյանը նշել է նաև, որ տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելը չի կարող Լեռնային Ղարաբաղի հակամարտության երեք կողմերից միայն երկուսի կամ մեկի պարտականությունը լինել: Դա մի պարտականություն է ու պատասխանատվություն է, որ հավասարապես կիսում են հակամարտության բոլոր երեք կողմերը:

«Դա, թույլ տվեք ասել, ընդհանուր պատասխանատվություն է, համատեղ աշխատանք, և հենց այս գաղափարն է, որ քննարկումների սեղանին եմ դրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ մարտի 29-ին Վիեննայում տեղի ունեցած հանդիպման ընթացքում: Իսկ խաղաղության մեր բանաձևը ես բարձրաձայնել եմ դեռևս մարտի 12-ին՝ Ստեփանակերտում տեղի ունեցած Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության անվտանգության խորհուրդների համատեղ նիստում: Եվ թույլ տվեք նաև արձանագրել, որ Վիեննայի քննարկումներում այս բանաձևը եղել է քննարկման հիմնական առանցքը: Այս կապակցությամբ կան որոշ թյուրիմացություններ, որոնք հարկ եմ համարում ճշգրտել և որոնց հարկ եմ համարում անդրադառնալ ևս մեկ անգամ. նախ, ասվում է, որ Հայաստանի կառավարությունը, Հայաստանը պահանջում է ղարաբաղյան բանակցությունների ֆորմատի փոփոխություն, և որպես հաղթանակ է արձանագրվում մեր հարևանների կողմից այն, որ ֆորմատի փոփոխություն տեղի չի ունեցել և տեղի չի ունենում: Ուզում եմ հստակ արձանագրել, որ Հայաստանի կառավարությունը, Հայաստանը Ղարաբաղի հարցի բանակցային ֆորմատի փոփոխության հարց երբևէ չի դրել:

....Մեծամտություն է ցուցաբերում ցանկացած իշխանություն և ցանկացած կառավարություն, ով մտածում է, թե ինքը կարող է կամ ինքն է Ղարաբաղի հարցի լուծողը: Ղարաբաղի հարցի լուծող միայն մի սուբյեկտ կա, կամ տվյալ դեպքում՝ երեք սուբյեկտներ. դրանք ժողովուրդներն են, և որևէ կառավարություն չի կարող որևէ լուծում առաջ մղել, եթե այդ լուծումներն ընդունելի չեն ժողովրդի համար: Հետևաբար, գնալ Ղարաբաղի հարցի լուծման կարգավորման նշանակում է՝ ժողովրդի հետ համաքայլ գնալ դեպի այդ լուծումը, հակառակ դեպքում այս տրամաբանությանը հակասող ցանկացած գործողություն դատապարտված է ձախողման:

Ուզում եմ նաև ընդգծել, որ չի կարելի անընդհատ սպառնալ դիմացի ժողովրդին: Ես ուզում եմ հատուկ ձեր ուշադրությունը հրավիրել այս փաստի վրա, որ դիմացի ժողովրդի հասցեին սպառնալիքներով հանդես եկող ցանկացած ոք սպառնալիքներով անուղղակի հանդես է գալիս նաև սեփական ժողովրդի նկատմամբ: Սա շատ կարևոր նրբություն է, և հույս ունեմ՝ բոլորս ենք արձանագրել, որ Հայաստանի կառավարությունը որևէ ժողովրդի չի սպառնում՝ ոչ թե այն պատճառով, որ որևէ ժողովրդից կամ որևէ կառավարությունից վախենում է, այլ որովհետև մենք առաջին հերթին չենք կարող տրվել մեր ժողովրդին սպառնալու գայթակղությանը: Սպառնալիքով ժողովուրդների հետ չեն խոսում: Եվ ընդհանրապես, մեզ հետ պետք չէ խոսել սպառնալիքի լեզվով: Մեզ պետք չէ ընդհանրապես սպառնալ պատերազմով: Պատերազմի սպառնալիքին մենք պատասխանելու ենք խաղաղության օրակարգով, անհրաժեշտության դեպքում` խաղաղությունը պարտադրելու օրակարգով: Խաղաղության կոչին մենք պատասխանելու ենք խաղաղության պատրաստակամությամբ, և մենք պատրաստ ենք աշխատել հանուն խաղաղության: Դրա համար մի պարզ բանաձև ենք առաջարկում, որը լիարժեքորեն ընդունելի է միջազգային հանրության համար, և այդ բանաձևը ես բարձրաձայնել եմԱզգային ժողովում` ասելով, որ Ղարաբաղի հարցի ցանկացած կարգավորում, ցանկացած կարգավորման տարբերակ պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի համար, Ղարաբաղի ժողովրդի համար և Ադրբեջանի ժողովրդի համար: Քանի դեռ մեզ չի հաջողվել գտնել այսպիսի լուծում, որևէ լուծման մասին խոսելն ընդհանրապես անլուրջ է թվում, և ես սպասում եմ, որ Ադրբեջանի նախագահը նույնպես որդեգրի այս բանաձևը: Եվ ուզում եմ հատուկ ընդգծել, որ Ստեփանակերտի օրակարգը, որը մենք բարձրաձայնել ենք մարտի 12-ին, Վիեննայի հանդիպման արդյունքներով մտել է մեր համատեղ քննարկումների օրակարգ, և սրանից որևէ մեկը որևէ տարբերակով չի կարող խուսափել: Սա այլևս կայացած իրողություն է, և այդ իրողությունն արձանագրվել է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և երկու երկրների արտգործնախարարների համատեղ հայտարարությամբ»,-ասել է Փաշինյանը:

ՀՀ ՊՆ ղեկավար Դավիթ Տոնոյանը, անդրադառնալով իր հայտարարությունից հետո Ադրբեջանից հնչած ռազմատենչ հայտարարություններին, ասել է. «Մենք ոչ թե պատերազմ ենք ցանկանում, այլ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը պետք է պատրաստի իր բանակին խաղաղության»: Նյու Յորքում հայ համայնքի հետ հանդիպմանը ՀՀ պաշտպանության նախարարը հայտարարել էր. «Ես` որպես պաշտպանության նախարար, ասում եմ՝ «տարածքներ՝ խաղաղության դիմաց» ձևաչափը վերաձևակերպել եմ, մենք հակառակն ենք անելու՝ «նոր պատերազմ՝ նոր տարածքների դիմաց»:Այս հայտարարությունից հետո Ադրբեջանից՝ տարբեր մակարդակներում հնչեցին ռազմատենչ հայտարարություններ։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---