Առաջարկ Բաքվին՝ համատեղ օգտագործել Սարսանգի ջուրն ու բացել Արցախի օդային տարածքը

Առաջարկ Բաքվին՝ համատեղ օգտագործել Սարսանգի ջուրն ու բացել Արցախի օդային տարածքը

PanARMENIAN.Net - Արցախի նախկին վարչապետ, «Ազատ հայրենիք» կուսակցության առաջնորդ Արայիկ Հարությունյանը հանդես է եկել կայուն և երկարատև խաղաղության հաստատմանն ուղղված 2 հումանիտար առաջարկով: Այդ մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում:

«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև կայացած առաջին պաշտոնական հանդիպման վերաբերյալ արդեն հայտնել ենք «Ազատ հայրենիք» կուսակցության դիրքորոշումը, որով հատկապես ողջունել ենք հակամարտ զորքերի միջև հրադադարի ռեժիմի պահպանման և հումանիտար համագործակցության կարևորումը:Սրանից զատ, անշուշտ, շարունակում ենք հավատացած մնալ ու պնդել, որ բանակցությունները կարող են հաջող ընթացք ձեռք բերել, եթե դրանցում ներգրավված լինի պաշտոնական Ստեփանակերտը։

Որպես Արցախի առաջատար քաղաքական ուժի ղեկավար, որը շահագրգռված է հիմնախնդրի խաղաղ և արդարացի կարգավորմամբ, տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության հաստատմամբ՝ ցանկանում եմ հրապարակավ հանդես գալ հումանիտար փոխգործակցության 2 առաջարկով, որը կարող է քննարկվել օրինակ առաջիկայում կայանալիք Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպմանը։

Առաջին՝ Արցախի օդային տարածքը պետք է բաց լինի միջազգային թռիչքների համար։ Այս համատեքստում կարևորում ենք Ստեփանակերտի օդանավակայանի վերագործարկումը, որը հնարավորություն կտա նաև իրացնելու մարդու հիմնարար իրավունքները, հատկապես՝ ազատ տեղաշարժի իրավունքը։ Համոզված եմ, որ այդ դեպքում տարածաշրջանի հաղորդակցային կարողությունները կընդլայնվեն, իսկ Արցախի զինված ուժերը կերաշխավորեն մեր օդային տարածքի անվտանգությունը:

Երկրորդ՝ Սարսանգի ջրամբարի ջրային ռեսուրսները կարող են համատեղ օգտագործվել Արցախի ու Ադրբեջանի կողմից։ Համաձայնության դեպքում ոռոգովի կդառնան ինչպես արցախյան, այնպես էլ ադրբեջանական սահմանամերձ շրջանների անջրդի հազարավոր հեկտար հողատարածքներ՝ կտրուկ բարձրացնելով այդ տարածքներում ապրող բնակչության կենսամակարդակը»,-ասվում է գրառման մեջ։

Նշվում է, որ ժամանակին Արցախի իշխանությունների կողմից Կարմիր Խաչի միջազգային կազմակերպության և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջոցով Ադրբեջանի իշխանություններին այս առթիվ արված առաջարկները մերժվել են: «Արդյունքում Սարսանգի ջրերի օգտագործման համար մենք այլընտրանքային ծրագիր ենք մշակել, բայց ևս մեկ անգամ հայտնում ենք մեր պատրաստակամությունը փոխշահավետ և մարդասիրական համագործակցության համար»,-ասվում է գրառման մեջ։

2018-ի նոյեմբերինԱրայիկ Հարությունյանը հայտնել էր, որ շուտով օտարերկրյա ներդրումներով կմեկնարկի Սարսանգի աջափնյա ջրանցքի կառուցումը:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան
---