ՀՀ-ն ու Ադրբեջանը կթույլատրեն կողմերի տարածքում կալանավորվածների հարազատների այցերը

ՀՀ-ն ու Ադրբեջանը կթույլատրեն կողմերի տարածքում կալանավորվածների հարազատների այցերը

PanARMENIAN.Net - ՀՀ և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները պայմանավորվել են փոխադարձության հիման վրա միջոցներ ձեռնարկել թույլատրելու կողմերի տարածքում կալանքի մեջ գտնվող անձանց հարազատների այցերը: Այդ մասին ասվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների (ՌԴ, ԱՄՆ, Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մասնակցությամբ կայացած Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների հանդիպման արդյունքում ընդունված հայտարարության մեջ:

Ապրիլի 15-ին Մոսկվայում ռուսաստանյան կողմի նախաձեռնությամբ տեղի ունեցավ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովի, Էլմար Մամեդյարովի և Զոհրաբ Մնացականյանի աշխատանքային հանդիպումը, որին միացան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները և ԵԱՀԿ գործող նախագահի՝ Լեռնային Ղարաբաղի հարցով անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը:

Հայտարարության մեջ մասնավորապես ասված է, որ ի զարգացումն մարտի 29-ին Վիեննայում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև կայացած գագաթաժողովի ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների՝ հանդիպման մասնակիցները քննարկել են իրադրությունը սահմանին և շփման գծում, ինչպես նաև հումանիտար ոլորտում փոխգործակցության հաստատման հեռանկարները: Տեղի է ունեցել մտքերի հանգամանալի փոխանակում կարգավորման հիմնարար հարցերի շուրջ:

«Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները վերահաստատել են կողմերի մտադրությունը շարունակելու քաղաքական-դիվանագիտական միջոցներով ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ ջանքերը: Ընդգծվել է շահագրգռվածությունը հակամարտության գոտում իրադրության հետագա կայունացման ուղղությամբ, մասնավորապես գյուղատնտեսական աշխատանքների ժամանակաշրջանում: Նրանք նաև պայմանավորվել են փոխադարձության հիման վրա միջոցներ ձեռնարկել թույլատրելու կողմերի տարածքում կալանքի մեջ գտնվող անձանց հարազատների այցերը: Նախարարները պատրաստակամություն են հայտնել գործնական միջոցներ ձեռնարկել մարդկանց միջև շփումների հաստատման ուղղությամբ, այդ թվում՝ ԶԼՄ ներկայացուցիչների փոխադարձ այցելությունների միջոցով:

Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարարը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները վերահաստատեցին իրենց հանձնառությունը միջնորդական առաքելությանը՝ ուղղված տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանը: Հանդիպման մասնակիցները պայմանավորվեցին շարունակել շփումները մոտ ապագայում», - ասված է հայտարարության մեջ:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---