Ֆրանսիայի ԱԳ նախարարին ներկայացվել են ԼՂ կարգավորման շուրջ մոսկովյան հանդիպման մանրամասները

Ֆրանսիայի ԱԳ նախարարին ներկայացվել են  ԼՂ կարգավորման շուրջ մոսկովյան հանդիպման մանրամասները

PanARMENIAN.Net - Աշխատանքային այցով Փարիզում գտնվող ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը Ֆրանսիայի Հանրապետության` Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանի հետ հանդիպմանը նշել է, որ շատ զգացմունքային է գտնվել Փարիզում և հայկական կողմի համերաշխությունը հայտնել Ֆրանսիային և Ֆրանսիայի ժողովրդին Փարիզի Աստվածամոր տաճարում տեղի ունեցած հրդեհից հետո: Նախարար Մնացականյանը նաև իր գործընկերոջն է փոխանցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին ուղղված ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նամակը, որով վերջինս հույս է հայտնում, որ համատեղ ջանքերով կձեռնարկվեն անհրաժեշտ քայլեր տաճարի նախկին տեսքը վերականգնելու համար:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին՝ Հայաստանի ԱԳ նախարարն իր ֆրանսիացի գործընկերոջը ներկայացրել է նախօրեին Մոսկվայում կայացած հանդիպման մանրամասները՝ վերահաստատելով Հայաստանի սկզբունքային դիրքորոշումը և մոտեցումները հիմնախնդրի բացառապես խաղաղ հանգուցալուծման գործընթացում: Երկուստեք կարևորվեց խաղաղ կարգավորման գործընթացի առաջմղման համար բարենպաստ միջավայրի ձևավորումը՝ վստահության ամրապնդման քայլերի միջոցով:

Նախարար Մնացականյանն ընդգծել է, որ հայկական կողմը բարձր է գնահատում նախագահ Էմանուել Մակրոնի՝ ապրիլի 24-ը Ֆրանսիայում Հայոց Ցեղասպանության հիշատակի ազգային օր հռչակելու մասին հրամանագիրը, ինչը Ֆրանսիայի դիրքորոշման շարունակականության ևս մեկ դրսևորում է՝ ուղղված ժխտված արդարության վերականգնմանը, հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Անդրադառնալով Եվրամիության, ինչպես նաև ԵՄ անդամ պետությունների հետ հարաբերությունների նոր իրավական հենք հանդիսացող ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին՝ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը վերահաստատել է Հայաստանի կառավարության հանձնառությունը և քաղաքական կամքը՝ ապահովելու համաձայնագրի արդյունավետ կիրարկումը: Զոհրաբ Մնացականյանը կարևորել է նաև վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկի հարցը՝ շեշտելով, որ վերոնշյալ գործընթացը հնարավորություն կընձեռի առավել ընդլայնելու մարդկանց միջև շփումները և խթան կհանդիսանա Հայաստանի և ԵՄ անդամ պետությունների համագործակցության ամրապնդմանը:

Զոհրաբ Մնացականյանը և Ժան-Իվ Լը Դրիանը գոհունակություն են հայտնել ավանդական բարեկամության և համընդհանուր արժեքների վրա հիմնված հայ-ֆրանսիական բազմաոլորտ ամուր համագործակցության առնչությամբ՝ ընդգծելով երկուստեք պատրաստակամությունն ապահովելու երկկողմ հարաբերությունների շարունակականությունը նոր նախաձեռնությունների միջոցով: Զրուցակիցները նշել են, որ երկկողմ օրակարգի ավանդական՝ քաղաքական, առևտրատնտեսական, գիտակրթական, մշակութային ուղղություններին ավելացել է նաև համագործակցությունը մեծ ներուժ ունեցող բարձր տեխնոլոգիաների, նորարարության և ստեղծագործ կրթության բնագավառներում:

Առանձնահատուկ կարևորվել է Ֆրանսիայում հարուստ պատմություն և ուրույն դերակատարություն ունեցող հայկական համայնքի կարևորությունը և կամրջող դերակատարությունը երկու բարեկամ երկրների հարաբերությունների առավել ամրապնդման և օրակարգի հարստացման գործում: ՝

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
---