// IP Marketing video - START// IP Marketing video - END

ՊՆ-ն՝ Փաշինյանի որդու մասին. Ամեն զինծառայող տարբեր վայրերում հավաքների է մասնակցում

ՊՆ-ն՝ Փաշինյանի որդու մասին. Ամեն զինծառայող տարբեր վայրերում հավաքների է մասնակցում

PanARMENIAN.Net - ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է մամուլում շրջանառվող այն լուրերին, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդուն՝ Աշոտ Փաշինյանին Արցախից տեղափոխել են Երևան:

«Ադրբեջանոտ վերնագրերին չեմ անդրադառնա, ուղղակի ամոթ է։ ՀՀ ԶՈւ-երի ցանկացած զինծառայող տարբեր ժամանակներում, տարբեր վայրերում մասնակցում է տարբեր հավաքների, քննությունների ու զորավարժությունների»,-ասվում է գրառման մեջ:

Պաշտպանության նախարարությունը ևս հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով այդ հարցին: Հայտարարության մեջ ասվում է, որ ԶՈՒ բոլոր պարտադիր ժամկետային զինծառայողները, այդ թվում նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտ Փաշինյանը, զինվորական ծառայության ընթացքում պարբերաբար, իրենց ստորաբաժանումների կազմով, նախօրոք հաստատված ուսումնական պլանի համաձայն, տեղափոխվում են այլ, մասնավորապես՝ ուսումնական զորամասեր՝ ուսումնական գործընթացի կազմակերպման նպատակով:

Նշվում է նաև, որ որպես կանոն՝ բոլոր տեղաշարժերը կատարվում են հաստիքային ստորաբաժանման կազմով, կարճաժամկետ են և սահմանափակվում են կոնկրետ միջոցառման ավարտով: Նշված կարգը վերաբերում է բոլոր զինծառայողներին։

Պաշտպանության նախարարությունը վերստին հորդորում է զերծ մնալ ապատեղեկատվության տարածումից, առավել ևս՝ չճշտված, կամ ակնհայտ կեղծիք պարունակող լուրերն օգտագործել ներքաղաքական նպատակներով։ «Միևնույն ժամանակ՝ ևս մեկ անգամ կոչ ենք անում զինված ուժերին վերաբերող ցանկացած տեղեկատվություն ճշտել ՊՆ համապատասխան ծառայությունից»,-ասվում է հայտարարության մեջ։

 Ուշագրավ