Գերմանացի պատգամավորները կաշխատեն խորացնել Արցախի հետ կապերը

Գերմանացի պատգամավորները կաշխատեն խորացնել Արցախի հետ կապերը

PanARMENIAN.Net - «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունն իր ունեցած քաղաքական ազդեցությամբ հետագայում ևս աշխատելու է Արցախի և Գերմանիայի միջև կապերի խորացման ուղղությամբ: Այդ մասին ԱԳՀ անդամ Շտեֆեն Կոտրեն հայտարարել է Արցախի Հանրապետության Աժ նախագահի տեղակալ Վահրամ Բալայանի հետ հանդիպմանը:

Արցախ ժամանած «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության անդամները ներկայացնում են դաշնային և երկրամասային խորհրդարանները:

Վահրամ Բալայանը շնորհավորել է հյուրերին՝ մայիսի 26-ի ընտրությունների արդյունքներով Եվրախորհրդարանում պատգամավորական տեղերի քանակով դիրքերն ամրապնդելու առթիվ: Խորհրդարանի փոխնախագահը կարևորել է նաև Արցախի՝ ԱԳՀ կուսակցության հետ ստեղծված բարեկամական հարաբերությունները և հույս հայտնել, որ այն կծառայեցվի տարածաշրջանում՝ մասնավորապես Արցախում խաղաղության հաստատմանն ու Արցախի՝ արտաքին աշխարհի հետ կապեր ընդլայնմանը, հայտնում է Արցախի Հանրապետության ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Գերմանացի պատգամավորների հանդիպումն այնուհետև շարունակվել է Արցախի Հանրապետության ԱԺ խմբակցությունների պատասխանատուների հետ:

Հանդիպման ընթացքում հյուրերը Աժ պատգամավորների առաջարկությամբ խոսել են իրենց կուսակցության արձանագրած հաջողության, Գերմանիայում ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ իրազեկվածության, ազգային, մշակութային արժեքների պահպանման շրջանակներում համագործակցության և եվրոպական կառույցներում Արցախի ժողովրդի ձայնը լսելի դարձնելու հեռանկարների մասին:

Եվրոպացի պատգամավորներն ավելի վաղ այցելել են Ստեփանակերտի հուշահամալիր և ծաղիկներ խոնարհել արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների հիշատակին: Գերմանացի պատգամավորները Արցախ են ժամանել Գերմանիայում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Հարություն Գրիգորյանի և ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Վիկտոր Ենգիբարյանի ուղեկցությամբ:

 Ուշագրավ
Բացառություն կարվի Արցախում հաշվառում ունեցող անձանց, բեռնափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցների համար
Ֆուտբոլիստը ՀՀ էր եկել ՌԴ-ի վիզա ստանալու
Դեսպանությունից նշել են նաև, թե երկրի որ շրջանները չարժե այցելել