Փաշինյան. ՀՀ և Վիետնամի հեռավորությունը չի կարող խոչընդոտել գործակցության զարգացմանը

Փաշինյան. ՀՀ և Վիետնամի հեռավորությունը չի կարող խոչընդոտել գործակցության զարգացմանը

PanARMENIAN.Net - ՀՀ և Վիետնամի միջև հեռավորությունը չի կարող խոչընդոտ լինել համագործակցության զարգացման համար: Այդ մասին պաշտոնական այցով Վիետնամում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է այդ երկրի կառավարության ղեկավար Նգույեն Սուան Ֆուքի հետ:

Արարողակարգային տեսալուսանկարահանումից հետո բանակցություններն ընթացել են նեղ, ապա ընդլայնված կազմերով:

Վիետնամի վարչապետն անձամբ իր և երկրի կառավարության անունից ջերմորեն ողջունել է Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությանը` նշելով. «Վստահ եմ` մեր հանդիպումը կնպաստի բոլոր ոլորտներում համագործակցության զարգացմանը, ընդլայնմանն ու ամրապնդմանը: Պարոն վարչապետ, խորհրդանշական է, որ Ձեր այցը տեղի է ունենում Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության հիմնադիր Հո Շի-Մինի` Հայաստան կատարած այցի 60-ամյակին: Ուրախ ենք, որ Հայաստանը հաղթահարում է դժվարություններն ու քայլեր ձեռնարկում տնտեսական զարգացման ուղղությամբ, ամրապնդվում է նաև Հայաստանի հեղինակությունը միջազգային ասպարեզում»: Նգույեն Սուան Ֆուքը համոզմունք է հայտնել, որ ՀՀ վարչապետի այցի շրջանակում նոր թափ կհաղորդվի երկկողմ փոխշահավետ գործակցությանը տարբեր ուղղություններով: Վիետնամի վարչապետը նշել է, որ դեռևս խորհրդային տարիներին բազմաթիվ վիետնամցիներ կրթություն են ստացել Հայաստանում և իրենց գիտելիքներով նպաստել երկրի առաջընթացին:

Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և նշել, որ իր այցի նպատակն է նպաստելու հայ-վիետնամական քաղաքական, տնտեսական և հումանիտար կապերի առաջընթացին: «Մենք կքննարկենք հարցերի լայն շրջանակ և վստահ եմ, որ մեր կողմից ընդունվելիք որոշումները կնպաստեն մեր պետությունների զարգացմանը»,- ասել է վարչապետը: Գործադիրի ղեկավարի խոսքով` երկու երկրներն ունեն հարաբերությունների ընդլայնման մեծ ներուժ և կառավարությունները պետք է կոնկրետ քայլեր ձեռնարկեն այն լիարժեք իրացնելու նպատակով:

Այնուհետև զրուցակիցները քննարկել են առևտրատնտեսական կապերի ընլայնմանը, տեղեկատվական տեխնոլոգիաների, այդ թվում` ինժեներական լաբորատորիաների փոխգործակցության, զբոսաշրջության, առողջապահության, կրթության, գիտության, շրջակա միջավայրի պաշտպանության ոլորտներում հարաբերությունների հետագա զարգացմանը վերաբերող հարցեր:

Անդրադառնալով առևտրատնտեսական կապերի ընդլայնմանը` զրուցակիցները կարևորել են միջկառավարական հանձնաժողովի ակտիվ գործունեությունը: Մասնավորապես, պայմանավորվածություն է ձեռք բերվել հանձնաժողովի առաջիկա նիստի ընթացքում, որը տեղի կունենա Երևանում ընթացիկ տարվա աշնանը, անցկացնել նաև գործարար համաժողով: Կողմերը համոզմունք են հայտնել, որ այն նոր ազդակ կհաղորդի համատեղ ներդրումային ծրագրերի իրականացմանն ու երկու երկրների միջև տնտեսական համագործակցությանը: Անդրադարձ է կատարվել հայկական կոնյակի և գինու` Վիետնամի շուկա ներմուծելու հնարավորություններին:

Նիկոլ Փաշինյանը և Նգույեն Սուան Ֆուքը պայմանավորվել են նաև քննարկումներ սկսել կրկնակի հարկումը բացառող համաձայնագրի կնքման ուղղությամբ: Կողմերը համոզմունք են հայտնել, որ տնտեսական փոխգործակցության զարգացմանը նոր ազդակ կհաղորդի նաև Եվրասիական տնտեսական միության և Վիետնամի միջև ազատ առևտրի գոտու ստեղծումը:

Երկու երկրների վարչապետներն ընդգծել են զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը և կարևորել վիզային ռեժիմի դյուրացման ուղղությամբ քայլերի իրականացումը: Առանձնակի նշվել է Հայաստանի և Վիետնամի տարածաշրջանների, առևտրային պալատների համագործակցության, երկկողմ իրավապայմանագրային բազայի զարգացման անհրաժեշտությունը, հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը:

Նիկոլ Փաշինյանը և Նգույեն Սուան Ֆուքն անդրադարձել են նաև միջազգային կազմակերպությունների, այդ թվում` ՄԱԿ-ի և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակում հետագա համագործակցությանը, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:

Հանդիպման արդյունքներով Հայաստանի Հանրապետության և Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության կառավարությունների միջև ստորագրվել է Կրթության և գիտության բնագավառում համագործակցության մասին համաձայնագիր: Նիկոլ Փաշինյանի և Նգույեն Սուան Ֆուքի ներկայությամբ համաձայնագիրը ստորագրել են ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը և Վիետնամի կրթության և վերապատրաստման նախարարի տեղակալ Նգույեն Վան Ֆուքը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---