Վարչապետը վիետնամցի գործարարների հետ քննարկել է ՀՀ-ում ներդրումային ծրագրերի հնարավորությունը

Վարչապետը վիետնամցի գործարարների հետ քննարկել է ՀՀ-ում ներդրումային ծրագրերի հնարավորությունը

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Վիետնամի առևտրի պալատի ղեկավարության և վիետնամցի մոտ երկու տասնյակ խոշոր գործարարների հետ: Վարչապետը վիետնամցի գործարարների հետ քննարկել է Հայաստանում ներդրումային տարբեր ծրագրեր իրականացնելու հնարավորությունները

Վիետնամի առևտրի պալատի նախագահ Վու Թիեն Լոքը նշել է, որ տեղյակ է ՀՀ վարչապետի և իր երկրի կառավարության ղեկավարի արդյունավետ բանակցությունների արդյունքներից` ավելացնելով, որ հանդիպմանը ներկա գործարարները հետաքրքրված են հայ գործընկերների հետ կապերի հաստատմամբ ու խորացմամբ: Մասնավորապես, նա նշել է, որ գործարարները ներկայացնում են արդյունաբերության, գյուղատնտեսության, տեխնոլոգիաների, առևտրի ոլորտները:

Վարչապետ Փաշինյանը հանդիպման մասնակիցներին է ներկայացրել Հայաստանի բիզնես միջավայրի բարելավման ուղղությամբ իրականացված քայլերը` ընդգծելով, որ այսօր Հայաստանում ներդրումների համար չկան արհեստական խոչընդոտներ: «ՀՀ կառավարության նպատակն է երկիրը վերածել տեխնոլոգիական պետության: Վերջին տարիներին Հայաստանում ՏՏ ոլորտն աճել է հինգ անգամ: Ոլորտի զարգացումը ոչ միայն շարունակվում է, այլ նաև ընթանում է ավելի արագ տեմեպերով: Ուրախ եմ, որ մեր երկրների ՏՏ ոլորտի պատասխանատուներն արդեն իսկ պայմանավորվել են իրականացնել պիլոտային համատեղ ծրագրեր»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը որպես համագործակցության հեռանկարային ճյուղեր նշել է նաև գյուղատնտեսությունը, զբոսաշրջությունը, կրթությունը, տեքստիլ արդյունաբերությունը: Կառավարության ղեկավարը հիշեցրել է, որ մեր պետությունը ազատ առևտրային ռեժիմներ ունի Վրաստանի, Եվրասիական տնտեսական միության պետությունների, շուտով նման ռեժիմ կունենա նաև Իրանի հետ: Հայաստանը GSP և GSP+ ռեժիմներ ունի ԵՄ երկրների, ԱՄՆ-ի ու Շվեյցարիայի հետ: «Կարծում եմ` վիետնամցի գործարարների համար մեր երկիրը կարող է մեծ հետաքրքրություն ներկայացնել ոչ միայն նշածս ուղղություններով, այլ նաև հայկական խմիչքների` կոնյակի ու գինու, վերամշակված գյուղմթերքների` Վիետնամ արտահանելու առումով: Վստահ եմ, որ դրանք գին-որակ հարաբերակցությամբ կարող են մրցակցային լինել Վիետնամի շուկայում»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Խոշոր` Sovico, Vingroup, Contrexim, Huang Som, Tiscovina, Hapro, Kangaroo, Voci, Constrexim Hod և մյուս ընկերությունների ղեկավարները ներկայացրել են հայկական շուկա մուտք գործելու, Հայաստանում ներդրումային տարբեր ծրագրեր իրականացնելու, հայկական արտադրանքը, այդ թվում` կոնյակ և գինի Վիետնամ արտահանելու հետ կապված կոնկրետ առաջարկություններ:

Վարչապետ Փաշինյանը Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանին հանձնարարել է շարունակել քննարկումները ներկայացված առաջարկությունների շուրջ: Միաժամանակ, վարչապետը նշել է, որ վիետնամցի գործարարներին ակնկալում է տեսնել ընթացիկ տարվա աշնանը Երևանում` հայ-վիետնամական համատեղ բիզնես ֆորումի ժամանակ, ինչը բիզնես կապեր հաստատելու լավ հնարավորություն կտա:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել վիետնամական առաջատար Nhan Dan հեռուստաընկերությանը, որի ընթացքում խոսել է հայ-վիետնամական հարաբերությունների մասին, անդրադարձել Հանոյում ունեցած բանակցությունների արդյունքներին

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---