Սինգապուրում խոլորձի նոր տեսակն անվանակոչել են Փաշինյանի և նրա տիկնոջ անվամբ

Սինգապուրում խոլորձի նոր տեսակն անվանակոչել են Փաշինյանի և նրա տիկնոջ անվամբ

PanARMENIAN.Net - Պաշտոնական այցի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանն այցելել են Սինգապուրի բուսաբանական այգի: Այստեղ տեղի է ունեցել այդ երկրի ազգային խորհրդանիշը համարվող ծաղկի՝ «Սինգապուրյան խոլորձի» նոր տեսակի` Նիկոլ Փաշինյանի և Աննա Հակոբյանի անունով անվանակոչելու արարողությունը:

Այսպիսի միջոցառումներ Սինգապուրում տեղի են ունենում ի պատիվ երկրի բարձրաստիճան հյուրերի և անվանի գործիչների:

Վերոնշյալ արարողակարգին Նիկոլ Փաշինյանի և տիկին Աննա Հակոբյանի մասնակցությունը մեկ այլ խորհուրդ ևս ուներ. «Վանդա Միսս Ջոակիմ» անունը կրող խոլորձի տեսակը, որը հայտնի է նաև որպես «Սինգապուրյան խոլորձ» կամ «Ալոհա արքայադստեր խոլորձ», իր անվանումն ստացել է` ի պատիվ հայազգի ծաղկաբույծ Ագնես Ջոակիմի (Աշխեն Հովակիմյան), ով հայտնաբերել է այս ծաղկատեսակը: Ագնես Ջոակիմը (Աշխեն Հովակիմյան) ծնվել է 1854թ. ապրիլի 7-ին Սինգապուրում` Բարսեղ և Ուրելիա Ջոակիմների (Հովակիմյան) ընտանիքում:

Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել պատվո հյուրերի գրքում: Այնուհետև վարչապետը և տիկին Հակոբյանը շրջայց են կատարել այգով:

Հայաստանի և Սինգապուրի վարչապետներ` Նիկոլ Փաշինյանի ու Լի Սյեն Լունի հանդիպման արդյունքներով Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի Ա. Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի և Սինգապուրի Հանրապետության ազգային պարկերի խորհրդի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերի ձևաչափով հարցազրույց է տվել Սինգապուրի Channel News Asia հեռուստաընկերությանը, որում անդրադարձել է Սինգապուրի իր գործընկերոջ հետ բանակցությունների արդյունքներին և երկու երկրների համագործակցության զարգացման հնարավորություններին:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---