Թեղուտի նոր ղեկավարությունը հակադարձել է նախկին տերերին ու մամուլին

Թեղուտի նոր ղեկավարությունը հակադարձել է նախկին տերերին ու մամուլին

PanARMENIAN.Net - Թեղուտ» ՓԲԸ նոր ղեկավարությունը հակադարձել է մամուլում հանքի պոչամբարի հետ կապված հրապարակումներին, ինչպես նաև անդրադարձել է ընկերության նախկին սեփականատեր «Վալեքս» ընկերության հայտարարությանը:

Նշվում է, որ ՓԲԸ հաջողությամբ վերագործարկվել է ռեկորդային կարճ ժամանակահատվածում և նվազագույն բյուջեի սահմանում:

Հունիսի 18-ին ընկերությունը Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն ՊՈԱԿ-ից ստացել է բացահանքի արտադրական վտանգավոր օբյեկտի տեխնիկական անվտանգության փորձաքննության դրական եզրակացությունը, որից հետո վերսկսվել է հանքի շահագործումը, իսկ հուլիսի 8-ին՝ հարստացուցիչ ֆաբրիկայի և պոչամբարային տնտեսության արտադրական վտանգավոր օբյեկտների տեխնիկական անվտանգության փորձաքննության դրական եզրակացությունները, ինչից հետո պատշաճ կերպով վերսկսվել են նաև հարստացուցիչ ֆաբրիկայի աշխատանքները:

«Վերջին շրջանում որոշ լրատվամիջոցներ միակողմանի հոդվածներով և ճչացող վերնագրերով փորձում են թյուրիմացության մեջ գցել հանրությանը՝ այդ կերպ արդարացնելով նախորդ սեփականատերերի կողմից «Թեղուտ» ՓԲԸ աշխատանքների դադարեցումը և ազդակիր համայնքների բնակչությանը անելանելի ծանր սոցիալական վիճակի մեջ գցելու փաստը: Հարկ է նշել, որ 2018-ին ընկերությունը դադարեցրել է իր գործունեությունը պոչամբարի հետ կապ չունեցող պատճառով՝ կանգնելով պլանային-վերանորոգման աշխատանքների երկու շաբաթով (համաձայն գլխավոր տնօրենի 2018-ի հունվարի 12-ի հրամանի), իսկ 2018-ի հունվարի 30-ին ծանուցել աշխատողներին աշխատանքային պայմանագրերը գործատուի նախաձեռնությամբ լուծելու մասին՝ միաժամանակ չսպասարկելով VTB բանկին (այսուհետ՝ Բանկ) շուրջ 380 մլն դոլարի չափով վարկային պարտավորությունը», - ասված է հայտարարության մեջ:

Նշվում է, որ առաջին անգամ պոչամբարի կայունության հնարավոր ռիսկի մասին նախկին ղեկավարությունը բարձրաձայնել է 2018-ի հուլիսին, երբ արդեն ակնհայտ էր, որ բանկը ստիպված է վերցնել ընկերության բաժնետոմսերը՝ նախկին սեփականատերերի կողմից իր առջև ստանձնած պարտավորությունները չկատարելու պատճառով, իսկ պետական ատյաններին ընկերության գործունեության դադարեցման մասին նախկին ղեկավարությունն առաջին անգամ ծանուցել է նամակով՝ 2018-ի հունիսի 7-ին (դադարից 5 ամիս անց)՝ չնշելով պոչամբարի հետ կապված խնդիրը:

«Հատկանշական է, որ չնայած մասնագետների զգուշացումներին, ընկերության նախկին ղեկավարությունը՝ անտեսելով դրանք, ևս 8 ամիս շարունակել է վերամշակել հանքաքար՝ 8.2 մլն տոննա (1038 տ/ժ) տարեկան արտադրողականությամբ, ընդհուպ մինչև 2018-ի հունվարին արտադրության դադարեցումը, գերազանցելով նախագծային ցուցանիշները 1.2 մլն տոննայով այն պարագայում, երբ նախագծով թույլատրված արտադրողականությունը կազմում է 7 մլն տոննա տարեկան: Արդյունքում առաջացել է պոչամբարի կայունության չափանիշների շեղում նախագծային ցուցանիշներից հետազոտությունների իրականացման ողջ ընթացքում, ինչն էլ փաստում են Global Resource Engineering (GRE) և ավստրալական ATC Williams խորհրդատվական ընկերությունների հաշվետվությունները», - ասվում է հայտարարության մեջ:

2017-ի մայիս և սեպտեմբեր ամիսներին «Թեղուտ» ՓԲԸ կատարած այցերի արդյունքում GRE և ATC Williams խորհրդատվական ընկերությունների մասնագետների կողմից կազմվել է երկու հաշվետվություն։ Վերոնշյալ ընկերությունների մասնագետների այցից մինչ այժմ տեղի են ունեցել մի շարք գործոնների փոփոխություններ, և այն հիմնական գործոնները, որոնք կարող էին բացասական ազդեցություն ունենալ պոչամբարի կայունության վրա էականորեն փոխվել են։

Հայտարարության մեջ ներկայացված են մեջբերումներ GRE խորհրդատվական ընկերության հաշվետվությունից:

«Հետազոտությունների իրականացման պահին ափի (пляж) հեռավորությունը պատվարից հաշված կազմում էր 50 մետրից պակաս, այն պարագայում, երբ նախագիծը ենթադրում է մոտ 200 մետր ջրազրկված ափ (пляж): Ներկա պահին ափի երկարությունը պատվարից հաշված կազմում է 300 մ: Ըստ նախագծի պոչամբարը պետք է բարձրանար հետևյալ արագությամբ՝ 35 մետր առաջին տարին և 16-ական մետր 2-5 տարիների ընթացքում։ 2.5 տարիների ընթացքում պոչամբարի մակարդակը նախատեսված 59 հաշվարկային մետրի փոխարեն բարձրացվել է 93 մետր՝ ինչը 58% գերազանցել է նախագծային ցուցանիշները: Մասնագետները 2017-ի սեպտեմբերին գրանցել են պոչանքների արտահոսք պոչամբարի պատվարի վրայից (ինչը մամուլում ներկայացվեց, որպես պոչամբարի ճեղքի հետևանք), միաժամանակ նշելով, որ պիեզոմետրերի տվյալներով առկա ջրի մակարդակը էականորեն գերազանցել է նախագծային սահմանները (աղբյուր՝ GRE հաշվետվություն, էջ 4)», - ասված է հայտարարության մեջ։

Նշվում է, որ մինչդեռ արտահոսքի միակ պատճառ է հանդիսացել թույլատրելի սահմանաչափից ավել պոչանքներ պոչամբար լցնելու փաստը:

«Աղյուսակ 4-1-ը (աղբյուր՝ GRE հաշվետվություն, էջ 38) ցույց է տալիս, որ առաջիկա 475 տարվա ընթացքում հավանական երկրաշարժի պարագայում վերին շերտի հորիզոնական պիկային արագացումը (PGA - peak ground acceleration) կազմում է 0.13g (միջին ցուցանիշ) և 0.15g՝ 84% հուսալիության ցուցանիշի դեպքում։ Հարկ է նշել, որ 0.15g-ն բալային համակարգի վերածելու դեպքում չի գերազանցում 7 բալ ազդեցությամբ երկրաշարժը: Վերոգրյալը վկայում է, որ մոտ 1.5 տարի չշահագործված պոչամբարը և պատվարը ջրազրկվել են և կոնսոլիդացվել», - ասվում է հայտարարության մեջ։

GRE առաջարկները պոչամբարի կայունության վերաբերյալ համեմատվել են ներկա իրավիճակի հետ:

«Ներկա պահին՝ համեմատած 2017թ.տվյալների հետ պոչամբարի մակերևույթի ջրի մակարդակը նվազել է մոտ 6 մետրով, իսկ պիեզոմետրերի տվյալներով պատվարի մարմնի ջրերի անկում է գրանցվել 4-6 մետր, պատվարի պատնեշի մոտ՝ 9-12 մետր: Ներկայում ափի (пляж) երկարությունը պատվարից հաշված կազմում է 300 մետր: 720 մետր հորիզոնից նվազեցնել պոչամբարի պատվարի անկյունը և խոտաբույսեր ցանել՝ որոշակի քանակի ջրի կլանման և էրոզիայի կանխման նպատակով։ Ներկա պահին պատվարի անկյունը մինչ 770 հորիոնը կազմում է 11.3 աստիճան, ինչը համապատասխանում է 5H:1V հարաբերակցությանը: Ինչպես պարզ է դառնում վերոգրյալից, այն առկա է (300մ):Խուսափել պատվարի բարձրացումն իրականացնել շատ մանրացված մասնիկներից (շլամից), ինչպիսին հանդիպել է շահագործման սկզբնական փուլում: Ներկայում մանրացված մասնիկներից պատվարի բարձրացում չի կատարվում: Քանզի ներկայում ընկերությունը չի խախտում թույլատրելի տարեկան 7 մլն տոննա հանքաքարի արդյունահանման սահմանաչափը, հետևաբար թույլատրելի սահմանաչափից ավել պոչանքներ պոչամբար չեն լցվում և պատվարի վրայից արտահոսք գոյություն չունի», - ասվում է հայտարարության մեջ:

Նշվում է, որ նախնական հետազոտությունները ցույց են տալիս, որ վերոնշյալ միջոցառումները հնարավորություն կտան տեղավորել պոչանքները 6 տարվա գործունեության ընթացքում՝ նույնիսկ 15 մլն տոննա տարեկան վերամշակման դեպքում (աղբյուր՝ GRE հաշվետվություն, էջ 30): Եզրակացությունը հիմնված է նմանատիպ եղանակով կառուցված պոչամբարների միջազգային լավագուն չափանիշների վրա:

Պոչամբարի պատվարի բարձրացման ցուցանիշը գերազանցել է տարեկան ավելի քան 15 մետրը։ Այնուամենայնիվ, չնայած նրան, որ ֆրեոտիկ մակերեսը բարձր է նախատեսվածից՝ լրացուցիչ ճնշման (поровое давление) որևէ փաստ չկա: Տարեկան մինչ 10մ պատվարի բարձրանալու դեպքում, պոչամբար լցված պոչանքները կջրազրկվեն և կարելի է ենթադրել դրանց ամրացումը:

«Նշենք, որ ներկայում ընկերությունը չի պատրաստվում գերազանցել եզրակացությամբ առաջարկված 10մ սահմանագիծը: Ավստրալիական ATC Williams ընկերության կողմից իրականացված դիտարկումները և եզրահանգումները կատարվել են պոչամբարի 2017թ. դրությամբ առկա վիճակին նախորդող 3 ամիսների տվյալների և դիտարկումների հիման վրա։ Հայկական սեյսմոլոգիայի և Երկրի ֆիզիկայի ասոցացիան 2017թ.-ին հրապարակել է հաշվետվություն՝ գնահատական տալով Թեղուտի պոչամբարի պատվարի տեղանքի հնարավոր սեյսմիկ վտանգի վերաբերյալ: Ստորև ներկայացված են մեջբերումներ նաև այդ աշխատությունից. «ՀՀ հյուսիսարևելյան շրջանը, ինչպես այլ շրջաններ, բավական լավ է հետազոտված։ Սեյսմոլոգիական տեսանկյունից այս շրջանը (որտեղ տեղակայված է Թեղուտի պոչամբարը) ցածր սեյսմիկ ակտիվության գոտի է։ Սկսած 1978թ․ սեյսմիկ գոտիավորման քարտեզներում այս տարածաշրջանը նշված է որպես սեյսմիկ տեսանկյունից նվազագույն ռիսկի գոտի ՀՀ մյուս տարածքների համեմատ։ Թեղուտի պոչամբարի մոտակայքում չկան սեյսմիկ ակտիվ կառուցվածքների/օջախների վկայություն։ Պոչամբարի մոտակայքում 16 կմ հեռավորությամբ ամենաուժգին հզորությամբ երկրաշարժը տեղի է ունեցել 1220թ (Mw=6.2), իսկ այս գոտում 475թ․ տեղի ունեցած պատմական ամենաուժգին երկրաշարժն էպիկենտրոնում ունեցել է 6.6 բալ ուժգնություն», - ասված է փորձագիտական եզրակացության մեջ:

Անդրադառնալով «Հետք» լրատվամիջոցի հրապարակմանը, հաձայն որի պոչամբարի պատվարը վեց ամիս կդիման, ընկերությունը, 2019 թվականի հուլիսի 25-ին Թեղուտ ՓԲԸ պաշտոնական հարցում է ուղարկել ATC Williams ընկերությանը:

«ATC Williams Ընկերության հետ որևէ մեկը HETQ-ից կապ չի հաստատել և մեզնից չի ստացել համապատասխան թույլտվություն՝ կապված հոդվածում մեր անունն օգտագործելու կամ մեր զեկույցի եզրակացությունների ամփոփ նկարագիրը հրապարակելու վերաբերյալ: Այնուամենայնիվ, ATC Williams-ը չի արել որևէ կանխատեսող հայտարարություններ այն մասին, թե արդյոք պատվարը «կտևի վեց ամիս, այնուհետև կփլուզվի»: Կարևոր է նշել, որ մենք հավատում ենք, որ պարոն Հալլմանի խոսքերը դուրս են բերվել համատեքստից «Հետքի»հոդվածի վերնագրով, որը ենթադրում է վերոնշյալը», -ասվել է պատասխանի մեջ:

Ընկերությունից հայտնում են, որ 12 աշխատակցից բաղկացած Global Resource Engineering (GRE) ընկերության ներկայացուցիչ Դավիդ Հալլմանը Թեղուտ ՓԲԸ տարածքում ֆիզիկապես գտնվել է 5 օր՝ 2017-ի մայիսի 12-17-ը և իր ծառայությունների դիմաց պատշաճ վարձատրվել է: 2019 թվականի հուլիսի 25-ին Թեղուտ ՓԲԸ պաշտոնական հարցում է ուղարկել GRE ընկերությանը՝ կապված Դավիդ Հալլմանի հարցազրույցի հետ՝ փորձելով ստանալ պատշաճ պարզաբանում, սակայն մինչ օրս պատասխանը ստացված չէ: Թեղուտ ՓԲԸ իրավախորհրդատուները դիտարկում են Դավիդ Հալլմանի հանդեպ դատական հայց ներկայացնելու տարբերակը:

«Նախկինում պարապուրդի մատնված գործարանն այսօր արդեն ունի մոտ 900 աշխատակից, որոնցից ավելի քան 90%-ը Լոռու մարզի բնակիչներն են: Ընկերությունն ամբողջ մարզում լուծում է զգալի սոցիալական խնդիրներ: Ընկերությունը, որդեգրելով բարեխիղճ տնտեսվարման քաղաքականություն, պայմանագիր է ստորագրել միջազգային հեղինակավոր ընկերության հետ՝ պոչամբարի ինժեներաերկրաբանական և հիդրոերկրաբանական ուսումնասիրություններ իրականացնելու նպատակով: Բազմաթիվ անլուծելի ներկայացվող խնդիրներ ժառանգած երիտասարդ թիմը հաջողությամբ հաղթահարել է բոլոր խոչընդոտները և, ի հեճուկս բոլոր բացասական կանխատեսումների՝ Թեղուտ ՓԲԸ բարեհաջող վերագործարկված է և շարունակում է բնականոն աշխատանքը», - եզրափակել է ընկերությունը:

 Ուշագրավ
Չվերթերը կիրականացվեն հոկտեմբերի 3-ից
Հաղթողը վճարելու է նաև հողամասի կադաստրային արժեքը՝ 40․6 մլն դրամից ավելի
Դրանով կառավարությունը ցանկանում է խրախուսել այն ընկերություններին, որոնք կարողացել են պահպանել աշխատատեղերը