Փաշինյանը վաճառել է իր Hyundai-ն և գումարը բանկում պահում է դրամով

Փաշինյանը վաճառել է իր Hyundai-ն և գումարը բանկում պահում է  դրամով

PanARMENIAN.Net - 2019 թվականի հունվար-հուլիսին միջին գնաճը ՀՀ-ում կազմել է 1.9 տոկոս, իսկ հուլիսին 12-ամսյա գնաճը՝ 1.7 տոկոս։ Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ Հայաստանում գնաճը պահպանվում է ցածր, կառավարելի մակարդակում և որ կարևորն է, այն քիչ տատանողական է:

Նշվում է նաև, որ այդ ամենը ապահովվում է վերջին ժամանակաշրջանում ազգային արժույթի նկատմամբ վստահության շարունակական բարձրացումը, ինչը արտահայտվում է նաև տնային տնտեսությունների նվազող գնաճային սպասումներում։

«Համաձայն ԿԲ կողմից իրականացված հարցումների՝ ներկայումս գրեթե բոլոր հարցվածները (2019 թվականի երկրորդ եռամսյակի տվյալներով՝ ավելի քան 95 տոկոսը) ակնկալում են, որ գների կայունությունը կպահպանվի նաև ապագայում (1-5 տարվա հորիզոնով), ինչը շատ կարևոր է մակրոտնտեսական կայունության համար։ Սա նշանակում է, որ տնային տնտեսություններն ու կազմակերպությունները կարող են շատ ավելի լավ պլանավորել իրենց տնտեսական գործունեությունը և իրականացվող խնայողություններն ու ներդրումները»,-ասվում է գրառման մեջ։

Նշվում է նաև, որ ազգային արժույթի նկատմամբ վստահության աճը իր արտացոլումն է գտել նաև դոլարիզացիայի մակարդակի շարունակական կրճատման մեջ, որը վերջին տարվա ընթացքում նվազել է (մոտ 4 տոկոսային կետով), հուլիսին հասնելով 48.6 տոկոսի (ռեզիդենտների արտարժութային դեպոզիտների հարաբերությունը ռեզիդենտների ընդհանուր դեպոզիտներին)։

«Սա նշանակում է, որ հայաստանցիների մեծամասնությունը, 51.4 տոկոսը նախընտրում են իրենց ունեցած գումարը բանկերում պահել դրամով, ինչը նույնպես շատ կարևոր է, քանի որ նվազեցնում է տնտեսվարողների արժութային ռիսկերը և նպաստում է ֆինանսական համակարգի կայունության լրացուցիչ բարելավմանը։ Ի դեպ, ես էլ եմ նույն կերպ վարվել։ Վերջերս վաճառեցի Hyundai-ս և գումարը բանկում պահում եմ դրամով»,-ասվում է վարչապետի գրառման մեջ:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---