Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը

Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը

PanARMENIAN.Net - ԱՄՆ Կոնգրեսի ստորին՝ Ներկայացուցիչների պալատն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը։

Թիվ 296 բանաձևն ընդունվել է 405 «կողմ» և 11 «դեմ» ձայներով։

Բանաձևի ոչ պաշտոնական թարգմանություն՝ ՀՑԹԻ ավագ գիտաշխատող, պ.գ.թ. Ռոբերտ Թաթոյանի կողմից․

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կանոնակարգային հանձնաժողովն հաստատել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը և այն ուղարկել Պալատի քննարկմանն ու քվեարկությանը:

2019 թ. հոկտեմբերի 29-ին ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատում քվեարկության է դրվելու Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը (H. RES. 296): «Հաստատելով Հայոց ցեղասպանության վերաբերյալ Միացյալ Նահանգների արձանագրությունները» (Affirming the United States record on the Armenian Genocide) վերնագիրը կրող փաստաթղթում ասված է.

«Քանի որ Միացյալ Նահանգները կարող է հպարտանալ 1915 - 1923 թթ. Օսմանյան կայսրության կողմից 1,5 միլիոն հայերի սպանությունը՝ Հայոց ցեղասպանությունը, ճանաչելու և դատապարտելու, ինչպես նաև հայերին, հույներին, ասորիներին, քաղդեացիներին, սիրիացիներին, արամեացիներին, մարոնիտներին և ցեղասպանությունը վերապրած այլ քրիստոնյաներին փրկություն ցուցաբերելու իր պատմական անցյալի համար,

Քանի որ 1913-1916 թթ. Օսմանյան կայսրությունում Միացյալ Նահանգների դեսպան Հենրի Մորգենթաուն կազմակերպել և առաջնորդել է բազմաթիվ երկրների պաշտոնատար անձանց բողոքի գործողություններն ընդդեմ այն, ինչը նա բնութագրել է որպես կայսրության կողմից «ազգի ոչնչացմանն ուղղված արշավ», և 1915 թ. հուլիսի 16-ին Միացյալ Նահանգների պետքարտուղար Ռոբերտ Լանսինգի կողմից նա հրահանգ է ստացել, որ «Պետքարտուղարությունը հավանություն է տալիս հայկական հետապնդումների դադարեցմանն ուղղված ...ձեր գործողություններին»,

Քանի որ նախագահ Վուդրո Վիլսոնը խրախուսել է «Մերձավոր Արևելքի նպաստամատույց» կազմակերպության ձևավորումը, որը հաստատվել է Կոնգրեսի ակտով և որը 1915-1930 թթ. ընթացքում հավաքել է 116,000,000 դոլար (2019 թ. արժեքով՝ ավելի քան 2,500,000,000 ԱՄՆ դոլար) և Սենատն ընդունել է այս կոտորածները դատապարտող բանաձևեր,

Քանի որ Ռաֆայել Լեմկինը, որը 1944 թ. սահմանեց «ցեղասպանություն» եզրույթը և որը կանգնած էր ՄԱԿ-ի «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» կոնվենցիայի ակունքներում, հայկական դեպքը վկայակոչում էր որպես 20-րդ դարի ցեղասպանության ակնառու օրինակ,

Քանի որ, ինչպես ներկայացված է Միացյալ Նահանգների Հոլոքոստի թանգարանում, Ադոլֆ Հիտլերը 1939 թ. իր հրամանատարներին առանց որևէ դրդապատճառի Լեհաստանի վրա հարձակումը հրահանգելու ժամանակ ի չիք դարձրեց բոլոր առարկություններն՝ ասելով. «Ի վերջո, ո՞վ է այսօր խոսում հայերի ոչնչացման մասին»՝ հիմք դնելով հրեաների Ողջակիզման համար,

Քանի որ Միացյալ Նահանգները պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը՝ 1951 թ. մայիսի 28-ին Միացյալ Նահանգների Կառավարության կողմից «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» կոնվենցիայի վերաբերյալ Արդարադատության միջազգային դատարան ուղարկված գրավոր հայտարարության, նախագահ Ռոնալդ Ռեյգանի՝ 1981 թ. Ապրիլի 22-ի №4838 հայտարարության և ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատների՝ 1975 թ. ապրիլի 8-ի №148 և 1984 թ. սեպտեմբերի 10-ի №247 համատեղ բանաձևերի միջոցով,

Քանի որ «Էլի Վիզելի Ցեղասպանության և վայրագությունների կանխարգելման մասին» 2018 թ. օրենքով վայրագությունների կանխարգելումը սահմանվում է որպես Միացյալ Նահանգների ազգային շահ, ինչպես նաև հաստատվում է, որ Միացյալ Նահանգների քաղաքականությունն է Միացյալ Նահանգների կառավարության մակարդակով իրականացնել ռազմավարություն, որն ուղղված է հնարավոր վայրագությունների բացահայտմանը, կանխմանն ու արձագանքմանը՝ «դիվանագիտական արձագանքի և արտաքին օգնության արդյունավետ օգտագործումն ուժեղացնելու միջոցով՝ համապատասխան անցումային արդարադատության միջոցառումներին աջակցելու, ներառյալ նախկին ոճրագործությունների համար քրեական պատասխանատվության ենթարկելու նպատակով»:

Արձանագրելով վերոնշյալը՝ հաստատում ենք, որ Ներկայացուցիչների պալատի կարծիքով Միացյալ Նահանգների քաղաքականությունն է՝

1) ոգեկոչել Հայոց ցեղասպանությունը` այն պաշտոնապես ճանաչելու և հիշատակելու միջոցով,

2) մերժել Միացյալ Նահանգների կառավարությանը՝ Հայոց ցեղասպանության կամ որևէ այլ ցեղասպանության ժխտման մեջ ներգրավելու, ներառելու կամ որևէ այլ կերպ առնչելու փորձերը, և

3) խրախուսել Հայոց ցեղասպանության փաստերի՝ ներառյալ մարդասիրական օգնության գործում Միացյալ Նահանգների դերի և մարդկության դեմ ներկայումս իրականացվող հանցագործությունների ու Հայոց ցեղասպանության միջև առնչությունների վերաբերյալ կրթությունը և հանրային իրազեկվածությունը:

Հայոց ցեղասպանություն

Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին:

Դեռևս Ցեղասպանության իրագործման տարիներին` 1915-23թթ. տերությունները ընդունեցին հայերի կոտորածը դատապարտող բանաձևեր: ԱՄՆ-ն երեք անգամ (1916, 1919, 1920) նմանատիպ բանաձևեր է ընդունել, սակայն դա չկասեցրեց Օսմանյան կայսրության գործողությունները: 1915թ. Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Ռուսաստանը հանդես եկան համատեղ հռչակագրով` դատապարտելով հայերի բնաջնջումը:

Աշխարհի շատ երկրներ և ազդեցիկ միջազգային կազմակերպություններ ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը: Պաշտոնապես առաջինը Հայոց ցեղասպանությունն ընդունել և դատապարտել է Ուրուգվայը 1965թ-ին: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաև Եվրոպայի Խորհուրդը, Եվրախորհրդարանը, ՄԱԿ-ի խտրականության կասեցման և փոքրամասնությունների պաշտպանության կանխարգելման ենթահանձնաժողովը, ՄԱԿ-ի ռազմական հանցագործությունների գծով հանձնաժողովը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը: Հայերի ոչնչացումը պաշտոնապես ցեղասպանություն են ճանաչել Ֆրանսիան, Ավստրիան, Իտալիան, Գերմանիան, Բելգիան, Լյուքսեմբուրգը, Շվեդիան, Նիդերլանդները, Շվեյցարիան, Ռուսաստանը, Լեհաստանը, Լիտվան, Հունաստանը, Սլովակիան, Կիպրոսի Հանրապետությունը, Լիբանանը, Ուրուգվայը, Արգենտինան, Վենեսուելան, Չիլին, Բոլիվիան, Կանադան, Վատիկանը, Բրազիլիան, Լյուքսեմբուրգը, Գերմանիան, Պարագվայը, Սիրիան և ԱՄՆ-ի 45 նահանգ:

Բելգիայում և Շվեդիայում Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն է սահմանված (45 հազար եվրո տուգանքից մինչև 1 տարվա ազատազրկում): 2006թ. հոկտեմբերի 12-ին Ֆրանսիայի խորհրդարանն օրինագիծ ընդունեց, որի համաձայն Հայոց ցեղասպանության ժխտումը կքրեականացվի, ինչպես Հոլոքոսթը:

Ժամանակակից Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանության պատմական փաստը և վարում է այդ փաստի ժխտման ներքին և արտաքին քաղաքականություն: Թուրքական պետության գործողությունները ներկայացվում են որպես «բռնագաղթ»` հայերի անվտանգությունն ապահովելու նպատակով: Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին խոսում են միայն առանձին թուրք մտավորականներ, որոնց թվում են պատմաբան Թաներ Աքչամն ու Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը:

 Ուշագրավ
Հռոմի պապն անդրադարձել է Սիրիայում հայ քահանայի և նրա հոր սպանությանը
Համաշխարհային մակարդակով Հայաստանն առցանց ազատության ոլորտում զբաղեցրել է 8-րդ տեղը, ԱՄՆ-ից հետո, Ֆրանսիայից առաջ
Ըստ վարչապետի, ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցային գործընթացում կա բավականին հետաքրքիր դինամիկա
Շփման գծում նկատվում է հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտումների աճ