Հայկական գինին և կոնյակը՝ China International Import Expo 2019-ում

Հայկական գինին և կոնյակը՝ China International Import Expo 2019-ում

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 5-10-ը Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամը China International Import Expo (CIIE) միջազգային ցուցահանդեսի շրջանակում Շանհայի Ազգային ցուցահանդեսային և կոնվենցիայի կենտրոնում միասնական տաղավարով ներկայացնում է հայկական 13 գինեգործական ընկերության 160-ից ավել տեսակի գինի և 34 տեսակի կոնյակ։

CIIE ցուցահանդեսն այս տարի անցկացվում է երկրորդ անգամ և հնարավորություն է տալիս մասնակից երկրներին և ձեռնարկատիրություններին ցուցադրել իրենց արտադրանքը, հայտնի դարձնել իրենց ապրանքանիշերը և ստեղծել գործարար կապեր աշխարհի երկրորդ խոշորագույն տնտեսությունում, հայտնում է Էկոնոմիկայի նախարարության հասարակայնության հետ կապերի վարչությունը:

«Գինեգործությունը ՀՀ տնտեսության գերակա ճյուղերից է, ուստի Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամը ջանք չի խնայում, որպեսզի արտահանման ներուժ ունեցող ընկերությունները հավուր պատշաճի ներկայանան և մասնակցեն աշխարհի երկրորդ խոշորագույն տնտեսությունում տեղի ունեցող ցուցահանդեսին։ Հայկական գինիներն արդեն արտահանվում են 32 երկիր և ես համոզված եմ, որ այս ցուցահանդեսը կբացի հեռանկարներ նոր գործարար կապերի հաստատման միջոցով հայկական գինու և կոնյակի արտահանման ծավալներն ընդլայնելու համար»,- նշել է հիմնադրամի գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանը:

CIIE ցուցահանդեսը 2018-ին ունեցել է 2,462 գրանցված գնորդ և 1,178 մասնակից 82 երկրից, կնքվել է 657 նախնական պայմանագրեր։ 2019-ին ցուցահանդեսին մասնակցում է 3,893 ձեռնարկատիրություն շուրջ 170 երկրից և տարածաշրջանից, իսկ գրանցված այցելուների նախնական թիվը հասնում է 650,000-ի։

 Ուշագրավ
Փաշինյանն անդրադարձել է նաև կապիտալ ծախսերի թերակատարմանը՝ նշելով, որ դա կապված է կոռուպցիայի դեմ պայքարի հետ
Զրուցակիցները քննարկել են երկկողմ համագործակցության ընթացիկ օրակարգին և դրա հետագա զարգացմանը վերաբերող հարցեր
Նա նշել է, որ պայմանագրերը լուծարվում են ամբողջությամբ, միակողմանի կերպով՝ հիմք ընդունելով դրանց համապատասխան դրույթները և ղեկավարելով Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին օրենքով
Ուդումյանի խոսքով՝ նվազագույն աշխատավարձի բարձրացումը բերելու է միջին աշխատավարձի աճի