Հարկերի նվազում և մաքսատուրքի աճ. Ինչ է սպասվում ՀՀ-ում 2020-ին

Հարկերի նվազում և մաքսատուրքի աճ. Ինչ է սպասվում ՀՀ-ում 2020-ին

PanARMENIAN.Net - 2020-ին Հայաստանում մի շարք հարկային փոփոխություններ են սպասվում: PanARMENIAN.Net –ը անդրադառնում է դրանցից մի քանիսին:

2020-ին ուժի մեջ կմտնեն ՀՀ Հարկային օրենսգրքում կատարված փոփոխությունները, որոնց համաձայն, մասնավորապես, նախատեսվում է եկամտահարկի համահարթեցում: Եթե այժմ ամսական մինչև 150,000 աշխատավարձ ստացողներից գանձվող եկամտահարկը 23% է, 150,000-ից մինչև 2 մլն ստացողների համար՝ 28%, իսկ 2 մլն և ավելի ստացողների դեպքում՝ 36%, ապա 2020-ի հունվարի 1-ից բոլորից կգանձվի 23% եկամտահարկ: Իսկ 3 տարում հարկը կհասնի 20%-ի:

Շահութահարկն այժմ կազմում է 20%, սակայն, ակնկալվում է, որ առաջիկա տարիներին այն կնվազի մինչև 18%:

2020-ի սկզբից ուժի մեջ կմտնի նաև ԵՏՄ անդամ չհանդիսացող երկրներից տրանսպորտային միջոցների մաքսազերծման նոր կարգը: Հայաստանի համար մինչև 2020-ի հունվարի 1-ը գործում էր անցումային շրջան՝ ԵՏՄ միասնական մաքսային սակագներից ցածր մաքսատուրքերով։ Այժմ շրջանն ավարտվում է։Ըստ այդմ, նոր ավտոմեքենաների համար 2020-ի հունվարի 1-ից ՀՀ համար գործող մաքսատուրքը կկազմի 15%։

5-7 տարեկան, մինչև 3000 խորանարդ սանտիմետր աշխատանքային ծավալով շարժիչով մեքենաների համար այն կկազմի 20%, սակայն ոչ պակաս, քան 0․44 եվրո՝ շարժիչի աշխատանքային ծավալի յուրաքանչյուր 1 խորանարդ սանտիմետրի համար։Նույն տարիքի մեքենաները 3 խորանարդ լիտրից մեծ աշխատանքային ծավալով շարժիչով մեքենաների համար այն կկազմի նույն 20 տոկոսը, բայց ոչ պակաս, քան 0․8 եվրո՝ յուրաքանչյուր խորանարդ սանտիմետրի համար։ 7 տարեկանից հին մեքենաների մաքսատուրքը կազմելու է 1․4-1․6 եվրո՝ 1 խորանարդ սանտիմետրի համար։ Առավել մանրամասն կարգին կարելի է ծանոթանալ Եվրասիական հանձնաժողովի կայքում։

2020-ի հունվարի 1-ից առանց մաքսատուրքերի և հարկերի վճարման առցանց առևտրի շեմը կնվազի մինչև 200 եվրո: Նման նվազում տեղի կունենա ԵՏՄ բոլոր երկրներում: Թեև շեմը կնվազի մինչև 200 եվրո, սակայն կկիրառվի յուրաքանչյուր առանձին առաքանիի դեպքում: Այժմ այդ շեմը ԵՏՄ բոլոր երկրներում 500 եվրո է մեկ ամսում կատարած գնումների համար, իսկ ՀՀ-ում՝ 200,000 դրամ (մոտ 378 եվրո): Եթե մեկ ամսվա ընթացքում դեպի Հայաստան պատվիրվող ապրանքների ընդհանուր գումարը գերազանցում է վերոնշյալը, կամ քաշը գերազանցում է 30 կգ-ն, ապա գնորդը պարտավոր է վճարել ապրանքի արժեքի 30%-ը:

2020-ին կփոխվի նաև մաքսատուրքի տոկոսը: Այդպես, եթե Հայաստանից պատվիրված առաքանիի արժեքը գերազանցի 200 եվրոն կամ քաշը գերազանցի 31 կգ-ն, գնորդը պարտավոր կլինի վճարել ապրանքի արժեքի 15%-ը՝ նախկին 30%-ի փոխարեն:

2020թ. հունվարի 1-ից կվերացվեն նաև առանց մաքսատուրքերի և հարկերի վճարման ֆիզիկական անձանց կողմից փոխադրողի միջոցով կամ միջազգային փոստային առաքումներով ՀՀ ներմուծվող անձնական օգտագործման ապրանքների հաճախականության սահմանափակումները:

ՊԵԿ-ը հայտնում է, որ փոփոխությամբ պայմանավորված` մաքսային մարմինները կուժեղացնեն ապրանքների իրական արժեքը պարզելուն ուղղված հսկողությունը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---