Արմեն Սարգսյանը Դավոսում է. Մասնակցել է ֆորումի բացմանն ու ամենամյա մրցանակաբաշխությանը (վիդեո)

Արմեն Սարգսյանը Դավոսում է. Մասնակցել է ֆորումի բացմանն ու ամենամյա մրցանակաբաշխությանը

PanARMENIAN.Net - ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Շվեյցարիայի Դավոս քաղաքում մասնակցել է Համաշխարհային տնտեսական համաժողովի բացմանը, որն այս տարի անցկացվում է «Շահագրգիռ կողմերը՝ հանուն աշխարհի համախմբման և կայունության» խորագրով:

ՀՀ նախագահը համաժողովում հանդես է գալու որպես բանախոս: Ֆորումի 2020-ի բանախոսների թվում են նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Եվրոպական կենտրոնական բանկի նախագահ Քրիստին Լագարդը, կլիմայի և բնապահպանական հարցերով ակտիվիստ Գրետա Թունբերգը և այլոք:

Հայաստանի նախագահը ներկա է գտնվել նաև Դավոսի համաժողովի շրջանակում անցկացվող 26-րդ ամենամյա Crystal Award մրցանակաբաշխությանը: Այս տարի դրա հաղթողներ են ճանաչվել արվեստագետներ Թիսթեր Գեյթսին, Լինեթ Ուոլվորթին, պարուսույց Ջին Շինին և դերասանուհի Դիփիկա Պադուկոնեին՝ հասարակության կայունության ապահովման, ներառականության, հոգեկան առողջության վերաբերյալ տեղեկացվածության բարձրացման գործում բացառիկ ներդրման համար:

Գործունեության 50 տարվա ընթացքում Դավոսի ամենամյա հանդիպումը դարձել է աշխարհի ամենաազդեցիկ բարձր մակարդակի հավաքներից մեկը, որն ամեն տարի համախմբում է պետությունների, կառավարությունների, միջազգային կազմակերպությունների ղեկավարների, գործարար հանրության ներկայացուցիչների ու հեղինակավոր փորձագետների՝ քննարկելու գլոբալ, տարածաշրջանային և արդյունաբերական օրակարգերը, լուծումներ առաջարկելու առկա խնդիրների ու մարտահրավերների վերաբերյալ: Ֆորումին այս տարի մասնակցում են աշխարհի տարբեր երկրներից ժամանած մոտ 700 բանախոսներ և ավելի քան 3000 մասնակիցներ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---