Վարչապետի առաջարկը՝ սպանդանոցային պարտադիր մորթի մասին օրենքը կիրառել հուլիսի 1-ից

Վարչապետի առաջարկը՝ սպանդանոցային պարտադիր մորթի մասին օրենքը կիրառել հուլիսի 1-ից

PanARMENIAN.Net - Սպանդանոցային պարտադիր մորթի մասին արդեն ուժի մեջ մտած օրենքի գործարկումը կհետաձգվի մինչև հուլիսի 1-ը, իսկ մինչ այդ ոլորտում անհրաժեշտ կարգավորումներ կարվեն: Նման առաջարկ Ազգային ժողովում Կառավարություն հետ հարցուպատասխանի ժամանակ արել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Գործադիրի ղեկավարի խոսքով՝ այս հարցն առնչվում է երկրի վարկանիշին և քաղաքակրթությանը, սակայն բողոքող քաղաքացիները մեկ արդարացի դիտարկում են արել՝ հանրապետությունում չկան բավարար քանակի և խտության սպանդանոցներ: Վարչապետն ասում է՝ սպանդանոցների պակասը նաև որոշման հետաձգման պատճառով է. ներդրողները հրաժարվում են սպանդանոցներ կառուցել նմանատիպ պայմաններում:

«Մենք առաջարկում ենք հետևյալը. մինչև փետրվարի 6-ը Կառավարությունը կդիտարկի սուբսիդավորվող վարկերում և լիզինգային ծրագրերում այնպիսի կարգավորումները, որ սպանդանոցների կառուցման և անհրաժեշտ տեխնիկայի ձեռքբերման համար ստեղծվեն լավագույն պայմանները: Մարզպետարանների և Սննդի անվտանգության տեսչության հետ միասին գործադիրը կձևավորի սպանդանոցների նախընտրելի քարտեզ և հասցեական կֆինանսավորվեն այն նախագծերը, որոնք լուծելու են սփռվածության և հասանելիության խնդիրը»,- ասել է վարչապետը:

Փաշինյանն առաջարկել է մինչև հուլիսի 1-ն աշխատել, գործընթացը վերջնականապես ավարտել և անցնել սպանդանոցային պարտադիր մորթի: Ըստ նրա՝ մինչև հուլիսի 1-ը, բացառությամբ Երևանի սուպերմարկետների և սննդի ցանցերի, հանրապետության մյուս վայրերում կպահպանվի նախորդ կարգավորումը, իսկ հուլիսի 2-ից ՀՀ-ն կանցնի արդեն ընդունված՝ սպանդանոցային պարտադիր մորթի:

Հունվարի 15-ից Հայատանում ուժի մեջ էր մտել սպանդանոցային պարտադիր մորթի մասին օրենքը: Ֆերմերներն ու գյուղացիները մի քանի օր Կառավարության շենքի առջև, ապա նաև համայնքներում բողոքի ցույցեր էին անում օրենքի դեմ՝ նշելով, որ այն լրացուցիչ ֆինանսական բեռ ու դժվարություն է ստեղծում իրենց համար:

Կարդացեք նաև՝ Սպանդանոցո՞ւմ, թե՝ բակում. Հայաստանում մորթի հարցի քննարկման կարճ պատմությունը

 Ուշագրավ
ՌԴ-ում սահմանափակումների ռեժիմը չի ազդելու ՀՀ-ի վրա
Շուկայի վերահսկողության տեսչական մարմինն ուսումնասիրում է ալկոգելի շուկան՝ խախտումների մասին ահազանգերի հիմքով
Փաշինյանն ասել է, որ կորոնավիրուսից հետո ավելի ուժեղացած դուրս կգան այն երկրները, որոնք կհասցնեն ռազմավարական բնույթի որոշումներ կայացնել
«Պատրաստ ենք անբարենպաստ զարգացման դեպքում «հանգստացնել» ֆինանսական շուկան»,- ասել է նա