Մոսկվայում Գևորգ Վարդանյանի արձանը կկանգնեցնեն

Մոսկվայում Գևորգ Վարդանյանի արձանը կկանգնեցնեն

PanARMENIAN.Net - Մոսկվայում նախատեսում են կանգնեցնել խորհրդային շրջանի լեգենդար հայազգի հետախույզ Գևորգ Վարդանյանի հուշարձանը: Այդ մասին հայտարարել է ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Սերգեյ Իվանովը:

Հուշարձանի ստեղծման մասին հայտարարվել է Խաչիկ Խութլուբյանի հեղինակած «Գործակալը, որը գերազանցեց Աբվերը» գրքի շնորհանդեսի ժամանակ, որը բացահայտում է Գևորգ Վարդանյանի կենսագրության անհայտ էջերը:

«Հուշարձանի տեղադրման փաստաթղթերը քաղաքապետարանի քննարկման են ներկայացված, այնտեղ դրական են վերաբերվել այդ գաղափարին»,- ասել է Իվանովը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Հուշարձանը նախատեսվում է տեղադրել Նոր Մոսկվայի №2070 դպրոցի հարևանությամբ, որը կարող է անվանակոչվել Գևորգ Վարդանյանի անունով: Քանդակի հեղինակն է ճարտարապետ Ալեքսանդր Գոլովաչովը:

Գևորգ Վարդանյանը ծնվել է Դոնի Ռոստովում։ 1930-ին Վարդանյանների ընտանիքը տեղափոխվել է Իրան։ Գևորգ Վարդանյանի հայրը կապված էր ռուսական ներքին հետախուզության հետ և նրա ցանկությամբ տղան հետախույզ դարձավ՝ 16 տարեկանում: 1940-ից ղեկավարում էր հատուկ խումբը, որն զբաղվում էր Թեհրանում և այլ քաղաքներում ֆաշիստ գործակալների և գերմանացի հետախույզների բացահայտմամբ։ Երկու տարում նրա խումբը բացահայտել է ավելի քան 200 մարդու, որոնք ինչ-որ կերպ կապված էին գերմանական հետախուզության հետ։

Վարդանյանի հետախուզական գործունեության պատմության մեջ հատկապես նշվում է 1943-ը, երբ Թեհրանում կայանալիք կոնֆերանսին գործընկերների հետ պետք է ապահովվեր 3 խոշոր տերության ղեկավարի (Իոսիֆ Ստալին, Ֆրանկլին Ռուզվելտ, Ուինսթոն Չերչիլ) անվտանգությունը։ Հայ հետախույզին և նրա գործընկերներին հաջողվել էր կանխել այդ եռյակի դեմ ֆաշիստական Գերմանիայի ծրագրած մահափորձը։ Այդ իրադարձություններից տասնյակ տարի անց Գևորգ Վարդանյանին է հանդիպում Ուինսթոն Չերչիլի թոռնուհին և հատուկ շնորհակալություն հայտնում իր պապի կյանքը փրկելու համար։

Հայ հետախույզն արժանացել է ԽՍՀՄ հերոսի կոչման, պարգևատրվել Լենինի, Կարմիր դրոշի, Մեծ Հայրենականի 2-րդ աստիճանի շքանշաններով և բազմաթիվ մեդալներով։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1–ից ՀՀ–ն պաշտոնապես միացել է Հաագայի Միջազգային քրեական դատարանին
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
---