8 հայ՝ Forbes-ի ՌԴ ամենահարուստ գործարարների ցուցակում

8 հայ՝ Forbes-ի ՌԴ ամենահարուստ գործարարների ցուցակում

PanARMENIAN.Net - Forbes-ը հրապարակել է ՌԴ ամենահարուստ գործարարների ամենամյա ցանկը, որտեղ հայազգի 8 գործարար կա։

Ռուսաստանի խոշորագույն «Մագնիտ» մանրածախ ցանցի հիմնադիր և համասեփականատեր Սերգեյ Գալիցկին (Հարությունյան) 29-րդ տեղում է $3.4 մլրդ կարողությամբ։

«Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր և նախագահ 53-ամյա Սամվել Կարապետյանը, որը 2019-ին 29-րդն էր, 2020-ին զբաղեցրել է 39-րդ տեղը։ Նրա կարողությունը գնահատվում է $2.5 մլրդ՝ 2019-ի $3.7 մլրդ դիմաց։

52-րդ տեղում է հայազգի միլիարդատեր Անդրեյ Անդրեևը (Օհանջանյանց): Նա ինտերնետ ծանոթությունների Badoo ծառայության հիմնադիրն է $1.8 մլրդ կարողությամբ։

«Վարդանյան, Բրոյթման և գործընկերներ» ընկերության նախագահ և ընտանեկան RVVZ Foundation հիմնադրամի համահիմնադիր, Մոսկվայի «Սկոլկովո» կառավարման դպրոցի հիմնադիր գործընկեր, բարերար և «Ավրորա» հումանիտար մրցանակի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը 103-րդ տեղում է։ Նրա կարողությունն անփոփոխ է մնացել և գնահատվում է $950 մլն։

«Սկարտել» ընկերության հիմնադիր և սեփականատեր, ինչպես նաև Yota-ի բաժնետեր Ալբերտ Ավդոլյանը զգալի բարելավել է իր դիրքերը վարկանիշում՝ 2019-ի 146-րդ տեղից բարձրանալով 113-րդ տեղը։ Նրա կարողությունը գնահատվել է $800 մլն։

«ՌԵՍՈ-Գարանտիա» ընկերության սեփականատերեր և տնօրենների խորհրդի նախագահներ Նիկոլայ և Սերգեյ Սարկիսովները զբաղեցնում են 146 և 147 տեղերը համապատասխանաբար։ Եղբայրներից յուրաքանչյուրի կարողությունը գնահատվում է $700 մլն։

ABBYY ընկերությունների խմբի հիմնադիր, տնօրենների խորհրդի անդամ, iiko, Findo և Ayb հիմնադրամի համահիմնադիր Դավիթ Յանը 2019-ին զբաղեցրած 200-րդ տեղից բարձրացել է 166-րդ հորիզոնական։ Նրա կարողությունը գնահատվում է $600 մլն։

Վարկանիշում 102 միլիարդատեր կա՝ 2-ով ավելի, քան 2019-ին։ Սակայն ՌԴ 200 ամենահարուստ մարդկանց համախառն կարողությունը կրճատվել է $40 մլրդ-ով։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---