Շուշիի ազատագրումը. Արցախի ազգային-ազատագրական շարժման բեկումնային փուլը

Շուշիի ազատագրումը. Արցախի ազգային-ազատագրական շարժման բեկումնային փուլը

PanARMENIAN.Net - Շուշիի ազատագրման ռազմական գործողությունը հաստատվել է 1992-ի ապրիլի 28-ին և սկսկվել 1992 թվականի մայիսի 8-ին: Իսկ մայիսի 9-ի առավոտյան հայկական ջոկատները, դիմադրության չհանդիպելով, անարգել մտան քաղաք:

Ռազմական մասնագետները գործողությունը գրեթե անթերի են համարում: Հենց մայիսի 9-ից հետո եղավ Արցախի ազգային-ազատագրական շարժման մեջ բեկումը:

Շուշիի ազատագրման գործողությունը կոչվեց «Հարսանիք լեռներում»: Նման արտասովոր անվանման պատճառն այն էր, որ այդ ժամանակ պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը կարծում էր, թե նման օպերացիա իրականացնելու համար դեռ վաղ է, որ դրան պետք է լավ պատրաստվել:

«Ռազմական տեսանկյունից մենք պատրաստ չէինք, և Վազգեն Սարգսյանն ասաց, որ շտապել պետք չէ, բայց Շուշին պետք էր ազատագրել: Այդ ժամանակ խոստացա նրան, որ եթե գրավենք Շուշին, ապա լեռներում կկազմակերպենք նրա հարսանիքը: Այդպես առաջացավ օպերացիայի «Հարսանիք լեռներում» անվանումը»,- պատմել է Կոմանդոսը՝ Ինքնապաշտպանական ուժերի հրամանատար Արկադի Տեր-Թադևոսյանը:

Ինքնապաշտպանական ուժերը 2520 մարդ ունեին: Որոշված էին հարձակման 4 ուղղությունը. Շոշի (արևելյան) ուղղություն, հրամանատար՝ Ա. Կարապետյան, «26-ի» (հյուսիսային) ուղղություն, հրամանատար՝ Վ. Չիթչյան, Լաչինի (հարավային) ուղղություն, հրամանատար՝ Սամվել Բաբայան, Քյոսալարի (հյուսիս-արևմտյան) ուղղություն, հրամանատար՝ Սեյրան Օհանյան, պահեստազորի հրամանատար՝ Յ. Հովհաննիսյան։

Մայիսի 6-ին հակառակորդին մոլորեցնելու նպատակով առաջխաղացում կատարվեց Ջանհասանի ուղղությամբ: Ապակողմնորոշելու համար հակառակորդին և նրան Շուշիից դուրս բերելու համար, հայկական ջոկատները մի քանի անգամ թողեցին դիրքերն ու կրկին գրավեցին: Նպատակն էր տպավորություն ստեղծել, թե հիմնական հարվածը հասցվելու է Ջանհասան-Քյոսալար ուղղությամբ:

Գործողությունը սկսվեց մայիսի 8-ին՝ ժամը 02:30-ին: Շուշիի ուղղությամբ սկսվեց հրետանային պատրաստությունը, որից հետո սկսվեց գրոհը քաղաքի վրա: Գլխավոր հրամանատարական կետը գտնվում էր 1207,3 մ բարձրությամբ, Շոշ գյուղից ոչ հեռու: Հրամանատարական կետերում էին գեներալ-մայոր Գուրգեն Դալիբալթայանը, Սերժ Սարգսյանը, Ռ. Գզողյանը, Զորի Բալայանը, կապը, բուժօգնությունը, հրետանային նախապատրաստությունը, ինժեներական ծառայությունը։ Աշխատանքները համակարգել են՝ համապատասխանաբար Արթուր Փափազյանը, Վ. Մարությանը, Լ. Մարտիրոսովը, Ռ. Աղաջանյանը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների ներկայացուցիչներ Օլեգ Եսայանը, Գ. Պետրոսյանը, Արկադի Ղուկասյանը, Ռոբերտ Քոչարյանը և ուրիշներ:

Ադրբեջանցիները տարակուսանքի մեջ էին, քանի որ չէին կարողանում որոշել հարձակման հիմնական ուղղությունը: Իսկ երբ հասկացան, արդեն ուշ էր: Ադրբեջանական հրամանատարությունը չկարողացավ ճնշել զորքերում առաջացած խուճապը և կազմակերպել Շուշիի պաշտպանությունը: Սկսվեց ադրբեջանցի զինվորների ու օմոնականների փախուստը քաղաքից: Ցանկանալով խուսափել ավելորդ զոհերից` Ինքնապաշտպանության ուժերի հրամանատարությունը հրամայեց ապաշրջափակել Շուշի-Լաչին ճանապարհը և չխոչընդոտել հակառակորդի փախուստը: Մայիսի 9-ին առավոտյան ժամը 4-ին վերջին ադրբեջանցի զինվորը լքեց Շուշին:

Շուշիի ազատագրմամբ ոչնչացվեցին բոլոր ադրբեջանական կրակային կետերը, որոնցից ռմբակոծվում էր Ստեփանակերտը: Շուշիի ազտագրմանը հետևց Լաչինի միջանցքի բացման ռազմական գործողությունը, որի արդյունքում ճեղքվեց ԼՂՀ շրջափակումը

 Ուշագրավ
Գեյվին Նյուսոմի խոսքով՝ ատելության նմանատիպ դրսևորումը նահանգում տեղ չունի
Փաստացի բուժում է ստանում 63 հիվանդ
«Ռազմական լուծում լինել չի կարող», - ասել է նա
Դեպքերը կապակցված են Մարտակերտում հաստատված օջախի հետ