ՄԻԵԴ․ Սաֆարովի գործով Ադրբեջանը 2 կոնվենցիա է խախտել, Հունգարիան խախտում չունի

ՄԻԵԴ․ Սաֆարովի գործով Ադրբեջանը 2 կոնվենցիա է խախտել, Հունգարիան խախտում չունի

PanARMENIAN.Net - Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է «Մակուչյանը և Մինասյանն ընդդեմ Ադրբեջանի և Հունգարիայի» գործի վճիռը, որը վերաբերում է 2004-ի փետրվարի 19-ին Բուդապեշտում ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովի կողմից սպանված Գուրգեն Մարգարյանի գործին, Ադրբեջանի ու Հունգարիայի իշխանությունների գործողություններին՝ մարդասպանի ազատ արձակման հետ կապված։

Համաձայն ՄԻԵԴ-ի վճռի՝ Ադրբեջանը խախտել է մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածը (կյանքի իրավունք) և 14-րդը (Խտրականության արգելքը)։ Ինչպես նշվում է որոշման մեջ «Ադրբեջանն անխոհեմորեն չի կարողացել ապահովել բանտարկության ռեժիմ իր սպայի համար, որը հանցագործություն է կատարել էթնիկ ատելության հիմքով», նրան ներում է շնորհվել, ապահովվել է աջակցություն։ Ադրբեջանը չի կարողացել ժխտել խտրականության մասին հայտարարությունները։

Ըստ ՄԻԵԴ-ի որոշման՝ Ադրբեջանը հայցվորներին պետք է վճարի 15,143 ֆունտ ստերլինգ՝ որպես կատարած ծախսերի փոխհատուցում։

Դատարանը չի արձանագրել որևէ խախտում՝ կապված Հունգարիայի հետ։ ՄԻԵԴ-ի որոշման համաձայն՝ չկա որևէ ապացույց, որ Հունգարիայի իշխանությունը կարող էր կամ պետք է իմանար, որ դատապարտյալն ազատ կարձակվի Ադրբեջանում։

Հայցվոր կողմերը 2 երկրի կառավարությունից չեն պատահնջել և ոչ մի ֆինանսական փոխհատուցում։ Մակուչյանը (Մարգարյանի հետ նույն ծրագրով Հունգարիայում գտնվող սպան, ում ևս Սաֆարովը ցանկացել է սպանել - խմբ․) նշել է, որ իրենք արդարություն են փնտրում, այլ ոչ փոխհատուցում և ցանկանում են վերջ տալ հայերի հանդեպ ատելությանն ու անպատժելիությանը։

Գուրգեն Մարգարյանը սպանվել է 2004-ին Հունգարիայում ընթացող ՆԱՏՕ-ի եռամսյա ծրագրի ժամանակ։ Սաֆարովը հայ սպա Մարգարյանին սպանել էր քնած ժամանկ, կացնով։ Ադրբեջանցին դատական նիստերից մեկի ժամանակ հայտնել էր, որ սպանությանն իրեն դրդել է հայերի և Հայաստանի հանդեպ ատելությունը։ Չնայած հունգարական դատարանը Սաֆարովին 2006-ին դատապարտվել էր ցմահ ազատազրկման` առանց 30 տարի ներման իրավունքի, սակայն 2012 թվականի օգոստոսի 31-ին Հունգարիայի կառավարությունը Սաֆարովին արտահանձնել էր Ադրբեջան։ Հայրենիքում Սաֆարովին ազատել էին, մեծարել իբրեւ ազգային հերոսի, կոչումը բարձրաձրել, բնակարան եւ նպաստ հատկացրել: Նույն օրը Հայաստանը հայտարարել էր Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները կասեցնելու մասին:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---