Վրաստանը բժիշկների խումբ կուղարկի Հայաստան

Վրաստանը բժիշկների խումբ կուղարկի Հայաստան

PanARMENIAN.Net - Վրաստանը պատրաստավում է բժիշկների խումբ գործուղել Հայաստան։ Այդ մասին վարչապետ Գեորգի Գախարիան հայտարարել է կառավարության նիստում՝ նշելով, որ որևէ երկիր չի կարող միայնակ հաղթահարել կորոնավիրուսով պայմանավորված ճգնաժամը:

Նրա խոսքով՝ Վրաստանը քննարկում է հարևան Հայաստանին օգնելու հարցը և համապատասխան առաջադրանքը տրվել է առողջապահության նախարարությանը, տեղեկացնում է Վրաստանում ՀՀ դեսպանությունը:

«Մենք պետք է իրար նկատմամբ ցուցաբերենք փոխադարձ աջակցություն: Ինչպես գիտեք՝ մեր հարևան երկրներում վերջին ժամանակաշրջանում բավականին լարվել է իրավիճակը: Անձամբ ես ամեն օր հաղորդակցվում են Հայաստանի վարչապետի հետ, ինչպես նաև առողջապահության, էկոնոմիկայի, արտաքին գործերի նախարարները՝ միմյանց հետ։ Մենք արդեն նույնականացրել ենք, թե ինչ տիպի օգնություն է անհրաժեշտ մեր հարևաններին: Այստեղ փոխադարձ աջակցությունն անչափ կարևոր է: Առողջապահության նախարարությունն արդեն ստացել է առաջադրանք, պատրաստել այն օգնությունը, որը Վրաստանը կարող է ցուցաբերել հարևան Հայաստանին: Ինչպես երևում է՝ առաջին հերթին դա կլինի բժշկական անձնակազմով օգնություն»,- հայտարարել է Գախարիան:

Սա Վրաստանից կորոնավիրուսի դեմ պայքարում Հայաստանին աջակցելու առաջին ծրագիրը չէ։ Վրաստանը ՀՀ-ին տեղական արտադրության 4000 բարձրորակ բժշկական դիմակ է նվիրել։ Վիրահայերը, իրենց հերթին, արհեստական շնչառության 10 սարք են ուղարկել Հայաստան և «Մեկ դիմակ՝ մեկ կյանք» կարգախոսով դրամահավաք սկսել։

Վրացական Edison Tech Solutions տեխնոլոգիական ընկերությունը ՀՀ-ին ախտահանիչ 5 խցիկ կնվիրի՝ կորոնավիրուսի պանդեմիայի դեմ պայքարի շրջանակում:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---