Արցախի ՊԲ․ Հակառակորդը 14 ԱԹՍ է կորցրել

Արցախի ՊԲ․ Հակառակորդը 14 ԱԹՍ է կորցրել

PanARMENIAN.Net - Արցախի պաշտպանության բանակի ճշտված տեղեկություններով՝ ադրբեջանական զինուժը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի վրա հարձակվելուց հետո կորցրել է 2 ուղղաթիռ, 14 անօդաչու թռչող սարք, ինչպես նաև ունի զրահատեխնիկայի կորուստներ:

ՊԲ-ն հայտնում է, որ մարտերը շարունակվում են, ՊԲ առաջապահ ստորաբաժանումները հաջողությամբ հետ են մղում հակառակորդի բոլոր գրոհները: Նշվում է, որ Ադրբեջանը ռազմական ավիացիայի, անօդաչու թռչող սարքերի, զրահատեխնիկայի ու հրետանու կիրառմամբ, գրոհներ է ձեռնարկում առաջնագծի տարբեր հատվածներում:

Պաշտպանության բանակը նաև լուսանկարներ է հրապարակել հակառակորդի խոցված տեխնիկայից, իսկ ՀՀ ՊՆ «Զինուժ» հաղորդաշարը հրապարակել է տեսանյութ, որտեղ երևում է՝ ինչպես է խոցվում ադրբեջանական կենդանի ուժն ու զինտեխնիկան։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ Հայկական կողմը խոցել է հակառակորդի երկու ուղղաթիռ, 3 տանկ, 4 անօդաչու թռչող սարք, որոնցից 1-ը՝ Տավուշում։ Արցախում երկու քաղաքացիական է զոհվել՝ 1 կին և 1 երեխա, կա 2 քաղաքացիական վիրավոր։

ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանը հայտնել է, որ սեպտեմբերի 27-ի առավոտյան ադրբեջանական բանակը հրթիռահրետանային նախապատրաստությունից ու ԱԹՍ հարվածներից հետո հարձակման է անցել շփման գծի ամբողջ երկարությամբ: Այս պահին ՊԲ ստորաբաժանումները, հակառակորդին մեծաթիվ կորուստներ պատճառելով, հաջողությամբ խափանում են նրա ծրագրերը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---