ԱԺ-ն Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի մասին դատապարտող հայտարարություն է ընդունել

ԱԺ-ն Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի մասին դատապարտող հայտարարություն է ընդունել

PanARMENIAN.Net - Ազգային ժողովն ընդունել է 2020թ. սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիան դատապարտելու վերաբերյալ հայտարարություն-նախագիծը։

ԱԺ հայտարարության մեջ նշվում է, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության հանցավոր գործողությունները, այդ թվում՝ խոշոր տրամաչափի զինատեսակներով խաղաղ բնակավայրերի թիրախավորումը փաստում են, որ Ադրբեջանի իշխանությունը իրական սպառնալիք է արցախահայության գոյությանը, Արցախի և ՀՀ-ի, ամբողջ հայ ժողովրդի, ինչպես նաև ողջ տարածաշրջանի անվտանգության համար: Նշվում է նաև, որ հայկական զինված ուժերի ինքնապաշտպանական բոլոր գործողություններն ուղղված են այդ վտանգի չեզոքացմանը:

ԱԺ-ն պահանջել է միջազգային հանրությունից իրերն իրենց անունով կոչել. հստակորեն արձանագրել ավտորիտար Ադրբեջանի կողմից ժողովրդավար Արցախի դեմ իրականացվող ագրեսիան, սահման գծել մարդասիրության ու մարդատյացության միջև:

«Միջազգային հանրությունը պարտավոր է գործուն քայլեր ձեռնարկել՝ զսպելու ոչ միայն Ադրբեջանի կողմից ծավալվող ագրեսիան, այլև նրա դաշնակից Թուրքիայի շարունակական նկրտումները՝ միջամտելու Արցախյան հակամարտությանը, որոնք կհանգնեցնեն տարածաշրջանի ծայրաստիճան ապակայունացմանը՝ անմիջական սպառնալիք ստեղծելով միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը: Թուրքիայի բացահայտ աջակցությամբ իրականացվող՝ Ադրբեջանի այս արկածախնդրությունը միջազգային իրավունքի կոպտագույն խախտում է, որն անպայմանորեն պետք է արժանանա միջազգային հանրության իրավաքաղաքական գնահատականին»,-ասվում է ԱԺ հայտարարության մեջ։

ԱԺ-ն վերահաստատել է, որ հայկական կողմը մշտապես հավատարիմ է մնացել հակամարտության խաղաղ ճանապարհով կարգավորմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ Արցախի զինված ուժերում 58 զոհ կա: Ճշտված տեղեկություններով՝ ադրբեջանական կողմն ունի մոտ 200 մարդկային կորուստ, կորցրել են նաև մոտ 30 զրահատեխնիկա և 20 ԱԹՍ։

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---