6 հոկտեմբերի 2020 - 16:57 AMT
ԱԳՆ․ ԵԱՀԿ ՄԽ երկրների ԱԳՆ-ների հայտարարությունից հետո Ադրբեջանը մարտադաշտ է նետում ռեզերվային ուժեր

ԱԳ նախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը, անդրադառնալով շփման գծի հարավում հակառակորդի սկսկած լայնամասշտաբ գրոհին, հայտարարել է, որ հետևանքների ամբողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը։

«Արցախի ՊԲ-ից ստացված տեղեկությունների համաձայն՝ հոկտեմբերի 6-ի կեսօրին մոտ, Ադրբեջանի զինված ուժերը՝ մարտադաշտ նետելով ռեզերվային ուժեր և մեծաքանակ ռազմական տեխնիկա, ներառյալ՝ տանկեր և հրետանի, լայնամասշտաբ գրոհ է սկսել Արցախի և Ադրբեջանի միջև շփման գծի հարավային ուղղությամբ:

Այս գործողությունը տեղի է ունենում Թուրքիայի ԱԳ նախարարի Բաքու այցի ընթացքում և ԵԱՀԿ Միսնկի խմբի համանախագահ երկրների ԱԳ նախարարների հայտարարությունից ժամեր անց։

Արցախի ՊԲ կողմից գործի են դրվել անհրաժեշտ բոլոր միջոցները՝ հարձակումը հետ շպրտելու համար»,- ասվում է հայտարարության մեջ։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։