Հարությունյանը՝ Պուտինին․ Հնարավոր ջանքերը գործադրեք ԼՂ-ում պատերազմի դադարեցման համար

Հարությունյանը՝ Պուտինին․ Հնարավոր ջանքերը գործադրեք ԼՂ-ում պատերազմի դադարեցման համար

PanARMENIAN.Net - Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը դիմել է Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինին՝ խնդրելով գործադրել բոլոր հնարավոր ջանքերն ադրբեջանաղարաբաղյան հակամարտության գոտում պատերազմի դադարեցման և քաղաքական գործընթացների վերսկսման ուղղությամբ։

Հարությունյանը նշել է, որ Պուտինն այն անհատականությունը և պետության ղեկավարն է, «ով ունի հսկայական հեղինակություն աշխարհում և տարածաշրջանում»:

«Բարձր ենք գնահատում ՌԴ և անձամբ Ձեր դիվանագիտական գործուն ջանքերը՝ ուղղված Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված ագրեսիան և լայնածավալ պատերազմը կանգնեցնելուն: Ուզում եմ նաև Ձեզ տեղեկացնել, որ Արցախի Հանրապետությունում և ամբողջ հայության շրջանում մեծ արձագանք են ստացել «Վալդայ» ակումբում Ձեր ելույթում հնչած օբյեկտիվ գնահատականները ստեղծված իրավիճակի մասին»,- ասել է Հարությունյանը։

Ավելի վաղ ՌԴ նախագահը հայտարարել էր, որ Արցախյան հակամարտությունը սկսվել է Սումգայիթում, ապա նաև ԼՂ-ում հայերի դեմ կատարված հանցագործություններից։ Պուտինը նաև նշել էր, որ իրենք հասկանում են` «այնպիսի իրավիճակ է, որ Ադրբեջանն իր տարածքի զգալի մասը կորցրել է, և այդպես չի կարող հավերժ շարունակվել»։

Հոկտեմբերի 22-ին վարչապետ Փաշինյանը հայտարարել էր, որ ՀՀ-ի համար ընդունելի է խաղաղապահների ու նաև ռուս խաղաղպահների մուտքն Արցախ։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---