ՊԲ․ Թշնամին փորձել է 10 ավտոմեքենայով առաջանալ Ավետարանոց-Սղնախ հատվածում՝ հետ է շպրտվել

ՊԲ․ Թշնամին փորձել է 10 ավտոմեքենայով առաջանալ Ավետարանոց-Սղնախ հատվածում՝ հետ է շպրտվել

PanARMENIAN.Net - Նոյեմբերի լույս 1-ի գիշերը թշնամական ուժերը մոտ 10 միավոր տեխնիկայի միջոցով առաջանալու փորձ են ձեռնարկել Ավետարանոց-Սղնախ հատվածում, սակայն, խոցվելով բանակային ուժերի կողմից և կրելով մեծաթիվ կորուստներ, հետ են շպրտվել, տեղեկացնում է Պաշտպանության բանակը։

Պաշտպանության բանակի խոսնակ Շուշան Ստեփանյանը պարզաբանել է, որ խոսքը ոչ թե զրահատեխնիկայի, այլ ավտոտեխնիկայի մասին է։

ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն իր հերթին հավելել է, որ, թշնամական ուժերը, կրելով մեծաթիվ կորուստներ, հետ են շպրտվել: «Սա շատ կարևոր լուր է, բայց ամեն ինչ հիանալի չէ։ Պատերազմը շարունակվում է իր բոլոր ծանրություններով․․․Ամեն ինչ կատաստրոֆիկ չէ և առավել ևս հիանալի չէ։ Պատերազմ է և մեր ողջ ներուժը պետք է կենտրոնացնել, պայքարը դժվար է ու պետք է դնել առավելագույնը»,-գրել է նա։

Առավոտյան թշնամական ուժերը վերսկսել են հարձակողական գործողությունները՝ միաժամանակ շարունակելով հրթիռակոծել խաղաղ բնակավայրերը: ՊԲ-ն լիակատար վերահսկողություն է պահպանում ճակատային գծի ամբողջ երկայնքով՝ վերահսկելով թշնամու բոլոր շարժերն ու ըստ անհրաժեշտության վերջինիս հասցնելով նպատակային հարվածներ:

Գիշերվա ընթացքում մարտերը շարունակվել են հարավ-արևմտյան, հարավ-արևելյան և հյուսիսային ուղղություններում:

Մարտական գործողություններին զուգահեռ թշնամական ուժերը շարունակել են թիրախավորել խաղաղ բնակավայրերը, մասնավորապես հրթիռահրետանային հարվածներ հասցնելով Մարտունի, Շուշի քաղաքներին և Քարին տակ գյուղին: Նշված ուղղությունների վրա աշխատող հակառակորդի կրակային դիրքերին ՊԲ ստորաբաժանումների կողմից հասցվել են թիրախային հարվածներ:

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---