Վանդալիզմ` Ֆրանսիայում․ Հայ համայնքը դիմել է կառավարությանը՝ արգելելու «Գորշ գայլերի» գործունեությունը

Վանդալիզմ` Ֆրանսիայում․ Հայ համայնքը դիմել է կառավարությանը՝ արգելելու «Գորշ գայլերի» գործունեությունը

PanARMENIAN.Net - Ֆրանսիայի Դեսին համայնքում վանդալիզմի ակտ է տեղի ունեցել․Հայկական հիշողության կենտրոնի և ցեղասպանության հուշարձանի վրա «Գորշ գայլեր» և «Ռեջեփ Թայիփ Էրդողան» գրություններ են հայտնվել։

Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը տեղեկացրել է, որ կապի մեջ են Ներքին գործերի նախարարության հետ, որպեսզի արագորեն որոշեն լուծարել և արգելել «Գորշ գայլեր» կազմակերպության գործունեությունը, հայտնում է «Հայերն այսօրը»։

«Վիենում, Դիժոնում, Դիսենում ծայրահեղ թուրքերը՝ «Գորշ գայլերը», որ ուղղակի Էրդողանի վերահսկողության տակ են, հակահայ ցույցեր կազմակերպեցին։ Այս գործողությունը դրանց հետևանքն է։ Մեզ Ներքին գործերի նախարարությունից հայտնեցին, որ 67 հոգի տարվել է ոստիկանություն։ Մենք չենք ցանկանում մտնել քաղաքացիական կռիվների մեջ», - ասել է Մուրադ Փափազյանը։

Նրա խոսքով՝ Ֆրանսիան շատ լուրջ է վերաբերվում այս ցույցերին, որովհետև նույն ժամանակ ծանր քաղաքական բախումներ են տեղի ունենում Թուրքիայի նախագահի և Էմանուել Մակրոնի միջև։

«Պատերազմն Էրդողանն ուզում է նաև բերել Եվրոպա։ Ես համոզված եմ, որ Ֆրանսիայում այս մթնոլորտն ուղղակիորեն Էրդողանի աշխատանքն է։ Անմիջապես պետք է պահանջել, որ Թուրքիան դուրս գա ՆԱՏՕ-ից, բանակցությունները, որ զարմանալիորեն շարունակվում են Եվրամիության հետ, պիտի դադարեն», - ընդգծել է Փափազյանը։

Նա նաև անդրադարձել է Արցախի անկախության ճանաչման հարցին։ Փափազյանի խոսքով՝ կան քաղաքներ, որ մոտ օրերս պետք է ճանաչեն Արցախի Հանրապետության անկախությունը, որոշ քաղաքներ էլ դեկտեմբերին են պատրաստվում ճանաչել։ Ֆրանսիայի Ազգային ժողովում 20 պատգամավոր ներկայացնելու են է բանաձև, որով կոչ կանեն Ֆրանսիայի նախագահին՝ ճանաչել Արցախի անկախությունը։

Վիենից և Դեսինից հետո հոկտեմբերի 30-ին Էրդողանի «Գորշ գայլերը» հավաքվել էին Դիժոնում։ Նրանք, ինչպես միշտ, բռնության ու ատելության կոչեր էին հնչեցնում՝ ծածանելով Թուրքիայի դրոշը, Օսմանյան կայսրության մարտական դրոշները, «Գորշ գայլերի» տարբերանշանները:

Արցախի դեմ թուրք-ադրբեջանական պատերազմի հետևանքով Ֆրանսիայում սրվել են թուրք-հայկական համայնքի հարաբերությունները։ Մասնավորապես, ֆրանսահայերը բախվում են թուրք ազգայնականների ատելության խոսքին և մահվան սպառնալիքներին։ Վտանգված է նրանց ֆիզիկական անվտանգությունը։ Հոկտեմբերի 28-ի առավոտյան Ֆրանսիայում Արցախի ճանաչմանն ուղղված ակցիայի ընթացքում թուրքերի մի խումբ դանակներով, մահակներով և մուրճերով հարձակվել է հայ ցուցարարների վրա։

Նախնական տեղեկություններով՝ վիրավորվել է մոտ 10 հայ, այդ թվում՝ կին և երեխա։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---