21 նոյեմբերի 2020 - 13:57 AMT
Հումանիտար բեռով ՌԴ ԱԻՆ 2-րդ շարասյունը Ռոստովից ուղևորվել է Արցախ

Հումանիտար բեռով ՌԴ ԱԻՆ 2-րդ շարասյունը Ռոստովի շրջանից ուղևորվել է դեպի Արցախ։ Ընդգրկված է անձնակազմի մոտ 40 անդամ և 35 միավոր տեխնիկա։

ՌԴ ԱԻՆ առաջին շարասյունը նոյեմբերի 21-ին արդեն կհասնի Ստեփանակերտ, տեղեկացնում է կառույցի մամուլի ծառայությունը։

Ձևավորված երկու շարասյունով Ստեփանակերտ կտեղափոխվի 345 տոննա բեռ։ Հատուկ տրանսպորտով նաև շինանյութ է տեղափոխվում սոցիալական ենթակառուցվածքների և տուժած մարդկանց տների վերականգնման համար։

ՌԴ ԱԻՆ խմբավորումը տեղի իշխանությունների հետ համատեղ շարունակում է գնահատել ավերածություններն ու վնասը Ստեփանակերտում, Մարտակերտում, Մարտունիում և Ասկերանում։

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվում են ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: