ՀՀ կապի բոլոր օպերատորներն Արցախում գործելու հնարավորություն կստանան

ՀՀ կապի բոլոր օպերատորներն Արցախում գործելու հնարավորություն կստանան

PanARMENIAN.Net - ՀՀ-ում գործող կապի բոլոր օպերատորներն Արցախում գործունեություն ծավալելու հնարավորություն կստանան։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը՝ տեղեկացնելով Beeline բրենդի ներքո գործող «Տելեկոմ Արմենիա» ընկերության տնօրեններ Հայկ և Ալեքսանդր Եսայանների գլխավորած պատվիրակության հետ հանդիպման մասին։

«Համաձայնություն ենք ձեռք բերել համագործակցության, որի շրջանակում կցուցաբերվի տեխնիկական և մասնագիտական մեծածավալ օգնություն, ինչն էլ էականորեն կբարելավի կապի ոլորտի ծառայությունների որակը Արցախում։

Մոտ ժամանակներս ՀՀ-ում գործող կապի բոլոր օպերատորներին Արցախում գործունեություն ծավալելու հնարավորություն կտրվի: Հանձնարարականիս համաձայն՝ կառավարությունն այս ուղղությամբ իրականացնում է ինտենսիվ բանակցություններ, որոնք, ընդհանուր առմամբ, պետք է հաջողված համարել: Ուստի, կարող եմ հավաստիացնել, որ արդեն գալիք տարվա սկզբին կունենանք ՀՀ-ում մատուցվող կապի ոլորտի ծառայությունների որակին և գներին համարժեք կապ՝ բջջայինի պարագայում՝ առանց ռոումինգի հավելավճարի»,-ասվում է գրառման մեջ:

Նշվում է նաև, որ վերջին շաբաթների ընթացքում տեխնիկական պատճառներով Արցախում առաջացած կապի խնդիրները մինչև օրվա ավարտ հիմնականում կլուծվեն:

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից և Լաչինից։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---