9 փետրվարի 2021 - 11:16 AMT
Արցախ այցելել ցանկացող օտարերկրացիները նախապես պետք է դիմեն ԱԳՆ

Արցախ այցելել ցանկացող օտարերկրացիները նախապես պետք է դիմեն ԱՀ արտաքին գործերի նախարարություն՝ մուտքի թույլտվություն ստանալու համար:

«Անվտանգության նկատառումներից ելնելով՝ հետպատերազմյան պայմաններում գործում է օտարերկրյա քաղաքացիների՝ Արցախի Հանրապետության տարածք մուտք գործելու նորացված ընթացակարգ:

Այս ընթացակարգը տարածվում է ինչպես այն օտարերկրյա քաղաքացիների համար, որոնք մուտքի վիզա ստանալու կարիք ունեն, այնպես էլ՝ այն պետությունների քաղաքացիների համար, որոնց համար գործում է առանց վիզայի ռեժիմ:

Դիմումների վերաբերյալ տեղեկատվությունը փոխանցվում է նաև Ռուսաստանի խաղաղապահ ուժերին` հաշվի առնելով անվտանգության նկատառումները։ Հայտնի հաստատումից հետո օտարերկրացին Երևանում ստանում է մուտքի արտոնագիր, որից հետո կարող է մեկնել Արցախ։

«Ինչ վերաբերում է ժամկետներին՝ համապատասխան աշխատանքներ են տարվում մեխանիզմի կատարելագործման ուղղությամբ։ Մուտքի թույլտվությունը կտրամադրվի 3-4 աշխատանքային օրվա ընթացքում. իհարկե` երբեմն գործընթացը կարող է ավելի երկար տևել, որի մասին դիմում ներկայացրած օտարերկրյա պետության քաղաքացին կտեղեկացվի»,-ասվում է հաղորդագրությունում»,-ասված է ԱԳՆ հայտարարության մեջ։

Մեխանիզմը գտնվում է ներդրման փուլում։ Վերջին օրերի ընթացքում Արցախի Հանրապետություն նշված ընթացակարգով մուտք են գործել մի շարք օտարերկրյա լրատվամիջոցների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: