Թանկյան․ ՀՀ-ում միակ լուծումն արտահերթ ընտրություններն են

Թանկյան․ ՀՀ-ում միակ լուծումն արտահերթ ընտրություններն են

PanARMENIAN.Net - Աշխարհահռչակ ռոք երաժիշտ, System of a Down ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանը, Vulture կայքին տված հարցազրույցում անդրադառանալով ՀՀ ներքաղաքական իրավիճակին, հայտարարել է, որ դրա միակ լուծումը նոր արտահերթ ընտրություններն են։

«Արցախում պատերազմը պարտվելուց անմիջապես հետո ստորագրված ամոթալի զինադադարին (ես ասում եմ՝ «ամոթալի», որովհետև լավ է, որ պատերազմը դադարեց, և այլևս մարդիկ չէին զոհվի, բայց հրադադարի կետերը շատ վնասակար էին հայ ազգի համար), հետևեց Հայաստանի խորհրդարանում տեղի ունեցած անկարգությունը: Կարճ ժամանակ անց Կապիտոլիումում տեղի ունեցավ նույն բանը: Դա ինձ ստիպեց զգալ, որ այն, ինչ կատարվում է աշխարհում, շատ փոխկապակցված է: Ես կասեի, որ շատ մարդկանց ցույցերի են տանում այն ուժերը, որոնք շատ-շատ էգոիստ են իշխանությունը զավթելու հարցում, և դա նույնն է, ինչպես Հայաստանում, այնպես էլ ամբողջ աշխարհում»,-ասել է նա, գրում է «Հայկական ժամանակը»:

Թանկյանն ասել է, որ նոյեմբերի 10-ի զինադադարից ի վեր «հայերը սգում են ոչ միայն զոհված երիտասարդների, այլ նաև դիկտատուրայի ու անպատժելիության մթնոլորտում շարունակական հարձակումների հետևանքով կորսված 2500-ամյա պատմական հայրենիքի համար»:

«Դա ակնհայտորեն Հայաստանում ստեղծում է անկայունություն և մեծ զայրույթ է առաջացնում Նիկոլ Փաշինյանի ներկայիս Կառավարության նկատմամբ: Նա հեղափոխական առաջնորդն էր, որը սկսեց կառավարել 2018-ի թավշյա հեղափոխությունից՝ Հայաստանի պատմության համար կուլմինացիոն պահից ի վեր»,- նկատել է նա:

Թանկյանը նաև նշել է, որ փողոցում գտնվող ընդդիմությունը բաղկացած է տարբեր կուսակցություններից, նրանց մեծ մասը կապված են հին իշխանությունների հետ և նույնիսկ խորհրդարանում ներկայացված չեն ու փորձում են օգտագործել պարտերազմում պարտությունը և վերադարձնել իշխանությունը.

«Նրանցից շատերը կապված են հին իշխանությունների վարչակարգերի հետ, որոնք փորձում են վերադարձնել իշխանությունը՝ որպես արդարացում օգտագործելով պատերազմում Հայաստանի պարտությունը: Դա շատ տհաճ իրավիճակ է: Մարդիկ զայրացած են: Հայերի մեծամասնությունն այժմ գտնվում է մի վիճակում, երբ չի պատկերացնում՝ որ ուժին կարող է սատարել: Շատերը բարկանում են Կառավարությունում տեղի ունեցածի պատճառով: Կան պատերազմի՝ սխալ ղեկավարման ու այլ թեմաների շուրջ չպարզաբանված հարցեր: Բայց մարդիկ նաև չեն վստահում նախկին օլիգարխիկ վարչակարգերին, որոնք մոտ 20 տարի շարունակ գողացել են քաղաքացիներից»,- ասել է ռոք երգիչը:

Նա նաև համոզմունք է հայտնել, որ ստեղծված իրավիճակում միակ լուծումը նոր արտահերթ ընտրություններն են, որոնց մասին խոսել է գործող Կառավարությունը, և արտահերթ ընտրությունները պետք է լինեն ավելի շուտ, քան՝ հերթականը: Ընդդիմությունը, Թանկյանի խոսքով, դեմ է արտահերթ ընտրությունների անցկացմանը, քանի որ կասկածներ ունի՝ իրենց ուժերն անգամ այդ պարագայում ավելի քիչ վստահություն կստանան, քան պատերազմում պարտված իշխանությունը:

«Միակ ճանապարհը հիմա ժողովրդավարությունն է: Բանակը չպետք է ստանձնի ղեկավարումը: Ընդդիմությունը՝ ևս: Ոչ ոք պարզապես չպետք է խլի իշխանությունը: Պետք է անցկացվեն արտահերթ ընտրություններ: Եվ դրանք պետք է լինեն 2.5 տարուց ավելի շուտ, երբ չի մոտենա հերթական ընտրությունների ժամկետը: Սա այն է, ինչ ես կարծում եմ»,- եզրափակել է նա:

Մարտի 13-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Հանդիպումը տեղի է ունեցել նախագահի նախաձեռնած քննարկումների շրջանակում: Նախագահը և վարչապետը քննարկել են երկրում ստեղծված իրավիճակը, այն հանգուցալուծելու և ներքաղաքական ճգնաժամը հաղթահարելու ուղիները: Այդ համատեքստում որպես լուծում անդրադարձ է կատարվել խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացմանը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---