Արցախի ԱԺ նախագահը՝ ՄԱԿ-ին, ՅՈւՆԵՍԿՕ-ին և ԵԱՀԿ-ին․ Բաքուն «ալբանականացնում» է հայ եկեղեցիները![]() 23 մարտի 2021 - 18:32 AMT PanARMENIAN.Net - Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը կոչ է ուղղել ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին, ՅՈւՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեին, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին, Եկեղեցիների համաշխարհային խորհրդին՝ կանխելու հայկական հուշարձանների և հոգևոր ժառանգության ոչնչացումն ադրբեջանական վերահսկողության տակ անցած Արցախի տարածքներում։ Դրանում նշվում է, որ նոյեմբերի 10-ի եռակողմ պայմանավորվածությունից հետո Ադրբեջանի կողմից պետական մակարդակով նոր թափով իրագործվում է հայ առաքելական եկեղեցիների «ալբանականացման» կեղծ թեզի լեգիտիմացման, հայկական հոգևոր ժառանգության յուրացման, պղծման, առանձին դեպքերում նաև՝ հիմնահատակ ոչնչացման քաղաքականություն: «Դատապարտելի են Ադրբեջանի կողմից հայկական առաքելական եկեղեցիների ալբանականացման հեռահար նպատակով դրանք վերանորոգելու, հայալեզու արձանագրությունները վերացնելու մասին պետական ամենաբարձր մակարդակով արված հայտարարությունները: Ակնհայտ է, որ Ադրբեջանի՝ միջազգային պայմանագրային և սովորութային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտմամբ ուղեկցվող ինստիտուցիոնալ այս քաղաքականության նպատակը հայկական պատմական հիշողության և մշակութային ներուժի ոչնչացումը և հայկական մշակութային ու հոգևոր ժառանգության յուրացումն է»,- ասվում է հայտարարության մեջ: Նշվում է նաև, որ Արցախի ՄԻՊ գրասենյակի կողմից համապարփակ զեկույց է պատրաստվել՝ Արցախի` Ադրբեջանի օկուպացիայի տակ հայտնված տարածքներում հայկական մշակութային ժառանգության նկատմամբ իրականացված վանդալիզմի և հայկական հուշարձաններին սպառնացող ոչնչացման վտանգի վերաբերյալ։ «Մեծապես կարևորում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների՝ ՌԴ և Ֆրանսիայի մտահոգություններն Արցախում հայկական մշակութային և հոգևոր ժառանգության հետագա ճակատագրի շուրջ, գործնական աջակցություն ցուցաբերելու պատրաստակամությունը և միջազգային մասնագիտացված կառույցների ներգրավման կարևորության մասին հայտարարությունները: Վերահաստատում ենք մեր պատրաստակամությունը՝ աջակցելու ՅՈՒՆԵՍԿՕ-ի փաստահավաք առաքելության հնարավորինս արագ իրականացումն Արցախում և հարակից շրջաններում: Ադրբեջանը քաղաքականացնում և խոչընդոտներ է ստեղծում ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից առաջարկված տեխնիկական աջակցման փաստահավաք առաքելության իրականացման համար՝ այսպիսով կասկածի տակ առելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի հիմնարար դերը և համամարդկային նշանակությունը ․․․Ակնկալում ենք միջազգային իրավունքի համապատասխան իրավական նորմերի շրջանակներում կանխման գործողություններ»,-ասվում է հայտարարության մեջ: ԱԺ նախագահը կոչ է արել անհապաղ, գործուն և շարունակական քայլեր ձեռնարկել արդյունավետ մեխանիզմների մշակման հարցում՝ նպաստելու Ադրբեջանի կողմից այլ ժողովուրդների մշակութային ժառանգության պահպանման ուղղությամբ ստանձնած միջազգային իրավական պարտավորությունների կատարմանը: «Հիշեցնում ենք, որ հակամարտության կարգավորումը, տարածաշրջանում տևական և կայուն խաղաղությունն անհնար է առանց Ադրբեջանի կողմից օկուպացված և փաստացի Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված տարածքներում հայկական մշակութային և հոգևոր ժառանգության պահպանության, այդ թվում՝ բոլոր հնարավոր միջոցներով մշտադիտարկման կազմակերպման՝ կանխելու համար հայերի էթնիկ զտման նպատակով իրականացրած գործողությունները»,-ասվում է հայտարարության մեջ: Արցախի՝ ներկայումս ադրբեջանական օկուպացիայի տակ գտնվող Հադրութի շրջանի Ծակուռի գյուղի 12-րդ դարի Սուրբ Աստվածածին եկեղեցին որպես ալբանական ներկայացնելը, Շուշի քաղաքում գտնվող Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին ավիրումն Ադրբեջանի քաղաքականության ամենավերջին օրինակներն են: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |