Կանադան արգելել է ԱԹՍ-ներում կիրառվող տեխնոլոգիաների արտահանումը Թուրքիա

Կանադան արգելել է ԱԹՍ-ներում կիրառվող տեխնոլոգիաների արտահանումը Թուրքիա

PanARMENIAN.Net - Կանադայի իշխանությունները չեղարկել են Թուրքիային ռազմական ապրանքների ու տեխնոլոգիաների մատակարարումը, որոշման պատճառը Լեռնային Ղարաբաղում անօդաչու թռչող սարքերի մեջ կանադական տեխնոլոգիաների կիրառումն է եղել, փոխանցում է «Կոմերսանտը»։

Կանադայի արտգործնախարար Մարկ Գարնոն հայտնել է, թե որոշումը քննարկվել է նաև իր թուրք պաշտոնակից Մևլութ Չավուշօղլուի հետ։

«Ես հայտարարում եմ թույլտվության չեղարկման մասին, որի գործունեությունը դադարեցվել էր 2020-ին։ ԼՂ-ում կիրառված տեխնոլոգիաների օգտագործումը չի համապատասխանել Կանադայի միջազգային քաղաքականությանը և վերջնական օգտագործման մասին Թուրքիայի հավաստացումներին»,-հայտարարել է Գարնոն։

Կանադայի ԱԳՆ-ից նաև նշել են, որ բազմաթիվ ապացույցներ կան թուրքական Bayraktar անօդաչուներում իրենց ռազմական տեխնոլոգիաների կիրառման մասին։

Ավելի վաղ Օտտավայում Թուրքիայի դեսպանատնից արձագանքել էին, որ ակնկալում են, թե ՆԱՏՕ-ի իրենց դաշնակիցները «կխուսափեն ապակառուցողական քայլերից», փոխանցում է Reuters-ը։

«Մենք ակնկալում ենք, որ ՆԱՏՕ-ի մեր դաշնակիցները կխուսափեն երկկողմ հարաբերությունների վրա բացասաբար անդրադարձող և դաշինքի համերաշխությունը խաթարող ապակառուցողական քայլերից»,-ասել էին դեսպանատնից՝ նշելով նաև, որ Չավուշօղլուն Կանադային հորդորել է վերանայել պաշտպանական արդյունաբերության սահմանափակումները։

2020-ի հոկտեմբերին Կանադան սառեցրել էր Թուրքիային տեխնոլոգիաներ արտահանելու թույլտվությունը՝ ԼՂ-ում կանադական ռազմական տեխնոլոգիաների կիրառման պատճառով։ Թուրքիան Կանադային մեղադրել էր երկակի ստանդարտների քաղաքականության և արտաքին քաղաքականության վրա «հակաթուրքական շրջանակների» ազդեցության մեջ։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---