Նուլանդ․ Պետք է վստահ լինենք, որ պահպանվում է ՀՀ տարածքային ամբողջականությունը

Նուլանդ․ Պետք է վստահ լինենք, որ պահպանվում է ՀՀ տարածքային ամբողջականությունը

PanARMENIAN.Net - Ամերիկյան դիվանագիտության վետերան, դեսպան Վիկտորիա Նուլանդը, որն առաջադրվել է ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալի պաշտոնում, պատասխանելով հայ գերիների, պատերազմից հետո ԼՂ և ՀՀ վիճակի մասին հարցին, ասել է, որ պետք է հասնել գերիների ազատ արձակմանը, պետք է վստահ լինել որ պահպանվում է Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։

Այդ մասին Նուլանդը խոսել է իր նշանակման կապակցությամբ ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում լսումների ժամանակ՝ պատասխանելով հանձնաժողովի նախագահ, սենատոր Բոբ Մենենդեսի ՀՀ-ին և Հարավային Կովկասին վերաբերող հարցերին, գրում է «Ամերիկայի ձայնը»։

«Անցած աշնանը Թուրքիայի լիակատար աջակցությամբ Ադրբեջանի հարձակումը հայ ժողովրդի դեմ, իմ կարծիքով, անասելի ողբերգություն է։ Այդ պատերազմի ընթացքում ամերիկյան բարձր մակարդակի դիվանագիտության բացակայությունն աններելի է, և մենք պետք է կանխենք հետագայում դրա կրկնությունը», - ասել է Մենենդեսը՝ կոչ անելով ԱՄՆ-ին ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ հայ ռազմագերիներին ազատ արձակելու հարցում:

Ի պատասխան՝ Վիկտորիա Նուլանդը շեշտել է, որ ավելի քան երկու տասնամյակ աշխատել է Հայաստանի, Ադրբեջանի և ԼՂ խնդրի շուրջ: Նա ԼՂ շուրջ տեղի ունեցածը որակել է «ամբողջական ողբերգություն շատերի համար տարածաշրջանում»:

«Պետք է հասնենք գերիների ազատ արձակմանը, պետք է վերականգնենք մարդասիրական օգնության տրամադրումը, պետք է վստահ լինենք, որ պահպանվում է Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, որպեսզի երկիրը կարող լինի ինքնուրույն կայացնել սեփական որոշումները»,- ասել է Նուլանդը։

Նա հավելել է, որ պետք է խոսել ԱՄՆ դաշնակից Թուրքիայի հետ:

«Լուրջ աշխատանք ունենք կատարելու մեր երկկողմ հարաբերություններում, որպեսզի փարատվեն մեր մտահոգությունները ոչ միայն այն կապակցությամբ, թե ինչ է անում Թուրքիան իր երկրի սահմաններից դուրս, այլև՝ իր երկրի ներսում»,- ասել է Նուլանդը:

Սենատոր Մենենդեսը նաև ամերիկյան վարչակազմից պահանջել է մարդասիրական օգնություն հատկացնել Լեռնային Ղարաբաղի տեղահանված հայերին, ներառյալ՝ ականազերծման ծրագրի իրականացումը։

Պետքարտուղարի տեղակալի թեկնածուն կարևորել է կովկասյան երկրներին աջակցություն ցուցաբերելու անհրաժեշտությունը: Նա կողմնակից է ակտիվ դիվանագիտության, բարձրաստիճան ղեկավարության հետ երկխոսության՝ ԱՄՆ-ի տնտեսական և մարդասիրական գործիքակազմի ակտիվ կիրառմամբ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---