ՀՀ-ն և ՌԴ-ն աշխատանքային խումբ կստեղծեն տիեզերական ոլորտում գործակցության համար

ՀՀ-ն և ՌԴ-ն աշխատանքային խումբ կստեղծեն տիեզերական ոլորտում գործակցության համար

PanARMENIAN.Net - ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Մոսկվայում հանդիպել է «Ռոսկոսմոս» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Դմիտրի Ռոգոզինին: Կողմերը պայմանավորվել են ստեղծել աշխատանքային խումբ՝ Հայաստանի և Ռուսաստանի միջև տիեզերական գործունեության ոլորտում ուղղությունները հստակեցնելու և անելիքները որոշակիացնելու նպատակով:

Գրիգորյանն ընդգծել է, որ Ռուսաստանն առաջատար դիրքեր է գրավում տիեզերագնացության ոլորտի մի շարք ուղղություններում և այս առումով կարևորել է հայ-ռուսական գործակցությունը՝ շեշտելով, որ Հայաստանում տիեզերական գործունեության ոլորտի զարգացման համատեքստում առաջնային կարևորություն են տալիս ՌԴ հետ փոխշահավետ գործակցությանը:

Գրիգորյանը կարևորել է այն հանգամանքը, որ Հայաստանում ընդունվել է «Տիեզերական գործունեության մասին» օրենք, որի արդյունքում ընկերությունները, որոնք Հայաստանում կզբաղվեն տիեզերական գործունեությամբ, կստանան մի շարք հարկային արտոնություններ:

Ռոգոզինն իր կողմից բարձր է գնահատել հայ-ռուսական գործակցությունը տիեզերական մոնիթորինգի ուղղությամբ կատարվող աշխատանքների մասով: Առաջարկվել է ընդլայնել Ռուսաստանի և Հայաստանի միջև փոխգործակցությունը տիեզերական տեխնոլոգիաների նախագծման և մշակման շրջանակում:

Ռոգոզինը հրավիրել է հայկական կողմին հունիսի 14-18 Սանկտ Պետերբուրգում կայանալիք Տիեզերական տարածության հետազոտում (Global Space Exploration Conference - GLEX-2021) խորագիրը կրող միջազգային համաժողովին: Նա ընդգծել է, որ նման հարթակներում Հայաստանի ներկայացվածությունը հնարավորություն կտա ձեռք բերել համագործակցության նոր պայմանավորվածություններ այս ոլորտում:

Կողմերը պայմանավորվել են ամառվա ընթացքում Դմիտրի Ռոգոզինի Հայաստան այցի ընթացքում ամփոփել աշխատանքային խմբի գործունեության արդյունքները:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---