Բեգլարյան․ Հնարավոր է հասնել Արցախի անկախության միջազգային ճանաչման

Բեգլարյան․ Հնարավոր է հասնել Արցախի անկախության միջազգային ճանաչման

PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը, որն այցով գտնվում է ԱՄՆ-ում, հայտարարել է, որ Արցախի ժողովուրդը հաստատակամ է իր սեփական հայրենիքում ապրելու և արարելու հարցում՝ նշելով, որ թեև երկար ու դժվարին պայքարով, սակայն հնարավոր է լինելու հասնել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության վերջնական կարգավորմանը և Արցախի անկախության միջազգային ճանաչմանը:

Այդ մասին Բեգլարյանն ասել է հոկտեմբերի 23-ին ԱՄՆ Ֆրեզնո քաղաքում Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության ամենամյա ժողովին ու բարեգործական ճաշկերույթին, որտեղ հանդես է եկել հատուկ ուղերձով:

Պետական նախարարը բարձր է գնահատել ընկերակցության տասնամյակների բարեգործական գործունեությունն Արցախում՝ այն համարելով պահանջված ու արդյունավետ հատկապես սոցիալական ու կրթական ոլորտներում: Արտակ Բեգլարյանը հանգամանալից ներկայացրել է Արցախի ներկա քաղաքական ու մարդասիրական կացությունը, ինչպես նաև ապագային միտված մոտեցումներն ու ծրագրերը:

Պետնախարարն ընդգծել է Սփյուռքի ծանրակշիռ դերը Արցախի անցյալում՝ համոզմունք հայտնելով, որ ապագա վերականգնման ու զարգացման ուղղությամբ ևս շարունակվելու են համայն հայության միասնական ջանքերը: Նա ընդգծել է, որ Սփյուռքից ակնկալիքները ոչ այնքան նյութական են, այլև՝ մարդկային կապիտալի տեսքով,որը կարող է հայրենիքի երկարաժամկետ զարգացման ու զորացման համար լրջագույն հնարավորություններ ստեղծել:

Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության գործադիր տնօրեն Զավեն Խանչյանն իր ելույթում շեշտադրել է, որ իրենք ընդլայնելու են Արցախում իրականացվող ծրագրերը և հավաքագրված զգալի գումարն ուղղելու են հատկապես սոցիալական ու կրթական կարիքների բավարարմանը:

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը կառավարության որոշմամբ օրեր առաջ գործուղվել է Մոսկվա, այնուհետև՝ ԱՄՆ մի շարք քաղաքներ՝ տարբեր ծրագրերի շուրջ հանդիպումներ, քննարկումներ ու բանակցություններ ունենալու նպատակով: Բացի դրանից, զուգահեռաբար ու հեռավար կերպով նա իրականացնում է իր աշխատանքային պարտականությունները:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---