Մայր աթոռը հորդորել է ԱԺ-ին ոչ աշխատանքային պահպանել հունվարի 5-ը և 7-ը

Մայր աթոռը հորդորել է ԱԺ-ին ոչ աշխատանքային պահպանել հունվարի 5-ը և 7-ը

PanARMENIAN.Net - Հայաստանյան եպիսկոպոսաց և թեմակալ առաջնորդների ժողովը հանդես է եկել հայտարարությամբ և դիմել է Ազգային Ժողովի խմբակցություններին՝ Ամանորի ու Սուրբ Ծննդյան տոների ոչ աշխատանքային օրեր պահպանել նաև հունվարի 5-ը, որպես Սուրբ ծննդյան Ճրագալույցի տոնական օր և հունվարի 7-ը, որպես մեռելոց հիշատակի օր, հատկապես, երբ արցախյան պատերազմի «զոհերի ցավը դեռ մորմոքում է ժողովրդի սրտում»։

«Լիահույս ենք, որ ընդառաջ մեր ժողովրդի բարեպաշտ զգացումներին և աղոթքի ու մխիթարության հոգևոր կարիքներին՝ Ազգային Ժողովի կողմից նկատի կառնվի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի սույն առաջարկը»,-ասվում է հայտարարության մեջ:

Հայտարարության մեջ նշվում է, որ շատ երկրներում, որոնց թվում՝ Ավստրիան, Ֆրանսիան, Գերմանիան, Ռումինիան, Լեհաստանը, Լիտվան և հարևան Վրաստանը, պետական ոչ աշխատանքային օրերի գերակշռող մասը (60-80%)՝ եկեղեցական տոներ են։ Մինչդեռ քրիստոնեությունն իբրև պետական կրոն առաջինն ընդունած Հայաստանում՝ միայն 19% է եկեղեցական:

«Կարևորում ենք պետական տոնացույցում ազգային, հոգևոր ու պետական տոների և հիշատակի օրերի պատշաճ ներկայացվածությունը, քանզի մեր հոգևոր ու մշակութային արժեքները, ազգային դիմագիծն ու ձգտումները արտահայտվում են նաև տոների և հիշատակի օրերի խորհուրդներում»,-ասվում է հայտարարության մեջ:

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունել է Ամանորին հանգստյան օրերի կրճատում նախատեսող օրինագիծը, ըստ որի Ամանորին ոչ աշխատանքային կլինեն միայն դեկտեմբերի 31-ը, հունվարի 1-ը և 6-ը: «Հայաստան» խմբակցությունն առաջարկել էր ոչ աշխատանքային օրերի ցանկում ընդգրկել նաև հունվարի 2-ը և 7-ը (մեռելոցը), սակայն, առաջարկը մերժվեց։

Ազգային ժողովում Ամանորի ոչ աշխատանքային օրերի հարցի քննարկման ժամանակ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, անդրադառնալով ոչ աշխատանքային օրերը կրճատելու որոշմանը, ասել է, որ ամանորյա տոներն իրականում որկրամոլության մրցավազք են, իսկ որկրամոլությունը մահացու մեղք է համարվում։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---